ԱՄՆ-ն մտադիր է կառուցողական երկխոսություն հաստատել Իրանի հետ. Ռուբիո
ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կառուցողական երկխոսություն հաստատել և նոր համաձայնագրերի հասնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները մտադիր են օգտվել սկզբում կառուցողական երկխոսության հնարավորությունից, և, ինչպես հույս ունենք, Իրանի հետ համաձայնագրերի հասնել։ Հույս ունենք, որ դա բավական դրական արդյունքների կհանգեցնի», – ասել է Ռուբիոն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, սակայն այն պետք է լինի իրական և ստուգվող, գործարքի բոլոր կետերը պետք է պահպանվեն։
«Թեև մենք ուզում ենք գործարք կնքել, սակայն չենք ուզում այն ցանկացած գնով։ Մենք լավ գործարք ենք ուզում։ Իրական գործարք ենք ուզում։ Ուզում ենք գործարք, որը հնարավոր կլինի ստուգել։ Եվ ուզում ենք գործարք, որը կկատարվի», – ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն բաց է Իրանի հետ կառուցողական երկխոսության և հույս ունի, որ այն դրական արդյունքի կհանգեցնի։

