Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել երկրաշարժերից տուժած Վենեսուելային։ Իր աջակցության ուղերձը Լայենը իսպաներենով տեղադրել է X միկրոբլոգում։
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր վենեսուելացիներին՝ երեկ գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։ Ես մտածում եմ հատկապես զոհերի և նրանց ընտանիքների մասին։ Մենք ձեզ հետ ենք», – նշել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ցավակցություն է հայտնել Վենեսուելային։
«Մտքերս և աջակցությունս Վենեսուելայի ժողովրդին՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Ես իմ խորին համերաշխությունն եմ հայտնում զոհերին, նրանց ընտանիքիներին և տեղում մոբիլիզացվածներին», – նշել է նա X-ում գրառման մեջ։
Ավելի վաղ Վենեսուելային աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահը, Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները։
Վենեսուելայի Կարմիր Խաչը հայտնել է, որ վնասի գնահատականները դեռևս նախնական են, և մարդկային կյանքերի կորստի չափն առայժմ հայտնի չէ։
«Ուժեղ հետցնցումները լրացուցիչ ռիսկեր են ստեղծում տուժած համայնքների և արձագանքող թիմերի համար», – հավելել է կազմակերպությունը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Կարակասից մոտ 160 կմ դեպի արևմուտք, որին հաջորդել է 7,5 մագնիտուդով երկրաշարժը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ շենքերի փլուզման հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, ևս 700-ը վիրավորվել է:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն, օգտագործելով զոհերի թվի գնահատման մոդելավորում, նշել է, որ այն, ամենայն հավանականությամբ, կլինի 10 000-ից 100 000-ի սահմաններում: Ծառայությունն այս ցուցանիշը հրապարակել է՝ օգնելու արտակարգ իրավիճակներին արձագանքողներին, պետական գործակալություններին և լրատվամիջոցներին հասկանալ, թե որքան զգալի է այս իրադարձությունը, և արդյունավետորեն տեղակայել ռեսուրսները։

