Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ
Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում ուժգին քամուց տապալվել են ծառեր, ինչպես նաև վնասվել ու թուլացել են շենքերի տանիքների կառուցատարրերն ու թիթեղները։ Այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից` ներկայացնելով հունիս 24–ի ահազանգերը։
Գերատեսչությունից հայտնում են, որ պատահարների վայրերում փրկարարների և տեղական ծառայությունների կողմից անմիջապես իրականացվել են տապալված ծառերի մասնատում և հեռացում երթևեկելի գոտիներից, վնասված թիթեղների ապամոնտաժում՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Կատարվել է նաև վտանգավոր տարածքների սահմանազատում և հետևանքների վերացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումներ։

