ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դպրոցներում խաղարկվել են երկու տարբեր սցենարներ. Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն՝ գրադարանում առաջացած կրակի դեպքում, Դովեղի դպրոցում՝ փլուզման ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացում:
«Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր համատեղ գործողությունների միջոցով ձևավորել և ամրապնդել ինչպես դպրոցի անձնակազմի, այնպես էլ փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհի, փլուզման և այլ արտակարգ իրավիճակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարները և դպրոցների անձնակազմը կատարելագործել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները՝ ներգրավելով շուրջ 139 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ և փրկարարական ծառայողներ:
Ուսումնավարժությունները նպատակ ունեն բացահայտել առկա խնդիրներն ու թերությունները փրկարարական աշխատանքների կազմակերպման գործում, կատարելագործել տարհանման մեխանիզմները, ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը սահմանամերձ գոտում անվտանգության ռիսկերի վերաբերյալ:

