«Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, այսօր առավոտյան մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են ձերբակալել Ավետիք Չալաբյանին։
«Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք։ Սկզբում մեր բնակարանը խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել։ Ավետիքի հեռախոսներն են առգրավել, հետո Ավետիքին ձերբակալեցին, փաստաթղթերով էին եկել, այսինքն՝ պատրաստված էին։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,- նշել է Անահիտ Ադամյանը։
Ըստ նրա, բոլորն էլ տեսնում են, թե հիմա ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։
«Կարծում եմ՝ սա տեղի է ունենում, որպեսզի մոտակա ժամանակները, երբ Սահմանադրական դատարանը քննի ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի ներկայացրած դիմումը, Ավետիքին այդ ընթացքում իզոլյացնեն։ Այլ տեղեկություններ չունենք, սպասում ենք մեղադրանքի մասին այլ մանրամասների»,- հավելել է Անահիտ Ադամյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել էր Ավետիք Չալաբյանը։

