Թրամփն Իրանի հետ գործարքը քննադատող սենատորներին կոչ է արել դասընթացներ անցնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ իր դիրքորոշման հետ չհամաձայնող սենատորները պետք է «դասընթացներ անցնել»՝ ի պատասխան հանրապետական Թեդ Քրուզի կողմից Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ հնչած քննադատության, հաղորդում է CBS News-ը։
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով քննադատել է դա, պետք է վերապատրաստվի, նույնիսկ եթե նրանք իմ ընկերներն են,- ասել է Թրամփը։- Որովհետև մենք Իրանին դրել ենք այնպիսի դրության մեջ, որում նրան նախկինում ոչ ոք երբևէ չի դրել»։
Միաժամանակ, Կապիտոլիումում, ներառյալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում, մեծանում է դժգոհությունն այն կապակցությամբ, որ Կոնգրեսը մանրամասնորեն չի տեղեկացվել հուշագրի բովանդակության մասին։ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի ամբողջ կազմի համար լիարժեք ճեպազրույց չի անցկացրել։
Սենատոր Թեդ Քրուզը քննադատել էր Իրանին նավթի վաճառքի թույլտվություն տալու գաղափարը, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում պատժամիջոցների հնարավոր մեղմացումը։
«Պատմությունը ցույց է տալիս, որ միլիարդավոր դոլարներ փոխանցելը մեզ սպանել ցանկացող թեոկրատիկ մոլեռանդներին բացառապես վատ գաղափար է,- անցյալ շաբաթ հայտարարել էր Քրուզը։- Եվ, ցավոք, նախագահը շատ վատ խորհուրդներ է ստանում այդ գործարքի վերաբերյալ։ Ես չեմ ուզում, որ մենք թեկուզ մեկ փենի ուղարկենք այաթոլլային»։

