ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը
ԱՄՆ քաղաքացիության համար դիմում ներկայացնելու արժեքը կարող է գրեթե կրկնապատկվել Թրամփի վարչակազմի նոր առաջարկի շրջանակում, որը նախատեսում է վճարների մինչև 80% բարձրացում և ցածր եկամուտ ունեցող դիմորդների համար զեղչերի կամ վճարումից ազատման չեղարկում, հաղորդում է NBC News-ը։
Վարչակազմն այս առաջարկը ներկայացրել է երեքշաբթի՝ Դաշնային գրանցամատյանում։ Այդ հայտարարությունը, որը նախատեսում է նաև մերժված դիմումների կրկնակի քննարկման արժեքի 80% աճ, ի հայտ է գալիս ԱՄՆ 250-ամյակի տոնակատարությունից մոտ երկու շաբաթ առաջ։
Ներկայում հպատակագրման դիմում ներկայացնելը, որը քաղաքացիության ստացման գործընթացի մի մասն է, անձամբ դիմելու դեպքում արժե 760 դոլար, իսկ առցանց դիմելու դեպքում՝ 710 դոլար։ Վարչակազմն առաջարկում է այդ գումարները բարձրացնել համապատասխանաբար մինչև 1330 դոլար (75% աճ) և 1280 դոլար (80% աճ)։
Առաջարկվում է նաև մերժված դիմումի վերանայման հարցման արժեքը 830 դոլարից բարձրացնել մինչև 1475 դոլար (78% աճ)։ Առցանց դիմելու դեպքում արժեքը կաճի 83%-ով՝ 780 դոլարից հասնելով 1475 դոլարի։
Այս նախաձեռնությունը արժանացել է իրավապաշտպանների խիստ քննադատությանը, որոնք հայտարարել են, որ այն հարվածում է քաղաքացիության մատչելիության բարձրացմանն ուղղված նախորդ վարչակազմերի ջանքերին։
Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ «անբավարար է համարում հիմնավորումը» հպատակագրման համար նվազեցված վճարը պահպանելու համար։
Առաջարկի հանրային քննարկումը կտևի մինչև օգոստոսի 24-ը, մասնակցությունը հնարավոր է միայն էլեկտրոնային ձևով։

