Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն
Թուրքիայի Օսմանիե նահանգի «Ամանոսի փոստային աղավնիների սիրահարների ասոցիացիան» կազմակերպել է փոստային աղավնիների մրցույթ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղավնիները բաց են թողնվել Հայաստանին սահմանակից Կարս նահանգից ու հասել իրենց տերերի կողմից պատրաստված տնակներ։ Մրցույթում հաղթել է Յունուս Աքդաղի փոստային աղավնին ու դարձել է Միջերկրածովյան տարածաշրջանի չեմպիոն՝ 1 օրում թռչելով մոտ 1000 կիլոմետր։
Աքդաղը նշել է, որ ինքը մանկուց է աղավնիներ պահում ու փոտային աղավնիներ բազմացնելը հիվանդություն չէ, այլ՝ սիրելի զբաղմունք։ Նա նաև նշել է, որ իր փոստային աղավնին նախկինում հաղթել է Դիարբեքիրում և Բիթլիսում անցկացված մրցույթներում։
«Մենք սիրում ենք փոստային աղավնիներին այն բանի համար, որ հավատարիմ են իրենց զուգընկերներին և ունեն բույն վերադառնալու ունակություն»,– նշել է նա:

