Լրատվամիջոցները բացահայտել են Սթարմերի հրաժարականից հետո արված փակ ուղերձի բովանդակությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնից հեռանալու մասին հրապարակային հայտարարությունից հետո փակ ուղերձով դիմել է կառավարական նստավայրի աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի համար, գրում է The Guardian-ը։
Պարբերականի տվյալներով՝ Սթարմերն առանձնահատուկ նշել է այն աշխատակիցներին, որոնք իր հետ աշխատել են պաշտոնավարման հենց սկզբից։ Նա ընդգծել է, որ նրանց ջանքերը, բարությունն ու արտաժամյա աշխատանքն ուղղված են եղել ի նպաստ երկրի, նկատվել ու գնահատվել են։
«Դա նշանակություն կունենա այն մարդկանց համար, ում դուք երբեք չեք հանդիպի, ովքեր երբեք չեն իմանա ձեր կատարածի մասին։ Ահա թե ինչն է իրականում կարևոր»,- վարչապետի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել այն անձնակազմին, որն օգնել է իր ընտանիքին, որոնց թվում՝ կնոջն ու երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր նստավայրի այգում թեյի կամ սուրճի շուրջ շփվել են մարդկանց հետ։
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Սթարմերը հայտարարել էր վարչապետի պաշտոնը լքելու որոշման մասին՝ նշելով, որ իր պաշտոնավարման ժամանակն սպառվել է։ Դրանից առաջ հաղորդվում էր Լեյբորիստական կուսակցության ներսում քաղաքական վերադասավորումների մասին, որոնք կապված էին առաջնորդության համար ներկուսակցական մրցակցության հետ։

