Խլելու և ունեզրկելու էյֆորիան. պոպուլիզմի դառը գինը` «բլեֆից» մինչև սնանկացում. ինչ է սպասվում հայաստանյան շուկային ամիսներ անց․ Արտակ Վարդանյան
«Կրքոտ պոպուլիզմի պոռթկման փուլում հաճելի է սեփական ընտրազանգվածին մատուցել խլելու, ունեզրկելու հավաստիացումները։ Բայց դա հեռանկարում ունի լրջագույն ռիսկեր պետության համար։ Անխուսափելի ռիսկեր, որոնց մասին լռում է թե Փաշինյանը, թե նրա էկոնոմիկայի փորձանք նախարարը, թե ողջ կառավարությունը։
Հիմա սևեռվել են Գագիկ Ծառուկյանի բիզնես համակարգի վրա։ Թվում է, թե ինչ ուզեն կանեն։ Բայց դա առաջին հայացքից է։ Սեփականության վրա հարձակումները նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրներում արդեն անթույլատրելի է։ Ակնհայտ է, որ բոլոր տեղական և միջազգային ատյաններում սեփականատերը, փաստաբանական թիմը պաշտպանելու է իր շահերը և միանշանակ հասնելու է հաջողության։
Վերջին տարիներին այս կառավարության կրքոտ պոպուլիզմի արդյունքում, բոլշևիկյան մտածողության շնորհիվ Հայաստանն արդեն ունի խոշոր դատական հայցեր, որոնք խոշոր պարտություններ են բերելու Հայաստանին։ Միջազգային դատական հայցեր կան՝ Ամուլսարի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սանիտեկի, ՀԷՑ-ի պատմություններով։ Սրանցից ամեն մեկը ծանր թեմա է Հայաստանի համար, որի գինը վճարելու է հայ ժողովուրդը։ Հիմա սրանց, անշուշտ, միանալու է Ծառուկյանին պատկանող ցանկացած ձեռնարկություն, որը կամայականորեն կառավարության որոշումներով կունենա աշխատելու խոչընդոտ։
Ինչպես բացատրել այս իշխանությանը, որ խլել, ունեզրկել չի կարելի, որ այդ մտածողությամբ երկիր ոչ մի ներդրող չի գա, որ դա երկրում թշվառության և գործազրկության ալիքը կմեծացնի։ Գուցե այսօր սա ընկալելի չէ սովորական քաղաքացուն, բայց կարճ փուլ հետո, հաշված ամիսներ հետո մարդիկ համատարած զգալու են կառավարական պոպուլիզմի էֆեկտը։
Հոլանդիա արտահանվող վարդերի, Փարիզ արտահանվող ծիրանի, Եվրոպա արտահանվող գյուղմթերի բլեֆը տևելու է մի քանի շաբաթ։ Դրանից հետո գալու է սնանկացող ձեռնարկությունների, չվճարվող վարկերի, աշխատատեղերի զանգվածային կրճատման դառը իրականությունը։
Ցավոք, փոքր Հայաստանը այսօր կրկնում է համաշխարհային ձախողված հայտնի պատմությունները։ Մենք գնում ենք պատմության հայտնի ձախողումների օրինակների ճանապարհով։ Այս պատմության վերջն էլ է ամեն տեղ նույնը եղել՝ ձախողումներ, անվտանգային և տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում, ընդվզումներ, նոր կառավարություն, որը դժվար քայլերով մի քանի տարում կշտկի վիճակը»։
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

