Զելենսկու և Լեհաստանի նոր նախագահի հանդիպումը տապալվել է
Լեհաստանի նախագահի գրասենյակի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարցին Պշիդաչը հայտարարել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է նախագահներ Կարոլ Նավրոցկու և Վլադիմիր Զելենսկու՝ նախապես համաձայնեցված հանդիպումից՝ առաջարկելով այն տեղափոխել ավելի ուշ ժամկետ։ Դրա մասին հաղորդում է լեհական tvn24 պարբերականը։
Պշիդաչը նշել է, որ վերջին շաբաթներին Վարշավայի և Կիևի միջև ակտիվ դիվանագիտական խորհրդատվություններ են ընթացել։ Նա նշել է, որ հունիսի 6-ին Լեհաստանում էր գտնվում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը, որից հետո լեհական կողմն առաջարկել է հեռախոսազրույց անցկացնել երկու երկրների առաջնորդների միջև։ Սակայն, ինչպես պնդում է լեհ պաշտոնյան, ուկրաինական կողմը հրաժարվել է շփման նման ձևաչափից՝ պատճառաբանելով, որ նախապատվությունը տալիս է անձնական հանդիպմանը։
Ըստ նրա՝ ավելի ուշ համաձայնեցվել է Զելենսկու՝ Վարշավա այցի ամսաթիվը, սակայն ուկրաինական կողմն իբր նույնպես հրաժարվել է դրանից՝ առաջարկելով հանդիպումը հետաձգել ավելի ուշ ժամկետի։ Պշիդաչը սա որակել է որպես Լեհաստանի նոր նախագահի հետ ուղիղ երկխոսության հարցում Կիևի հետաքրքրվածության բացակայություն։
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին ТСН-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել հանդիպում և համատեղ մամուլի ասուլիս, սակայն լեհական կողմը, ըստ նրա, մտահոգություններ է հայտնել, մասնավորապես՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության և լեհական գյուղատնտեսության վրա դրա ունենալիք ազդեցության համատեքստում։
Այս տարաձայնությունների ֆոնին ավելի վաղ հաղորդվել էր նաև Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու որոշման մասին։ Այս քայլը բացատրվել էր Վոլինյան ողբերգության և Ուկրաինական ապստամբական բանակի (УПА) դերի հետ կապված պատմական հիշողության շուրջ ընթացող վեճով, ինչը հանգեցրել էր ուկրաինական կողմի կտրուկ արձագանքին և երկրների միջև դիվանագիտական լարվածության նոր փուլի։

