«Բացի արտգործնախարարի «ծնգլոցից», այլ բան իշխանություններից չենք լսել, քանի սրանք կան, ելք չկա». Անհետ կորած զինծառայողի մայր

2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած բազմաթիվ տղաների ծնողներ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից առաջ հույս էին հայտնում, որ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, գա ազգային իշխանություն, ապա իրենց տղաների ճակատագրով տվյալ իշխանությունը կսկսի զբաղվել։ Սակայն հունիսի 7-ից հետո այս հույսը մարել է։

 «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, ևս իր հույսը կորցրել է, ասում է՝ իր նման բազմաթիվ ծնողների հույսը մարեց։

«Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ եթե Հայաստանում իշխանությունը փոխվեր, մեր տղաներով կզբաղվեին, եթե չի փոխվել, ուրեմն՝ մեր հույսն ամբողջովին մարել է։

Ոչ մի բան չի փոխվել ու չի էլ փոխվելու, քանի դեռ իշխանության Նիկոլ Փաշինյանն է։ Մինչև ինքը չգնա, ոչ մի հարց չի լուծվելու, ոչ մեկը մատը մատին չի տա, սրանց ձեռնտու չէ, որ այս հարցը լուծվի ու հարցի լուծումը ստանանք»,168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ոչ էլ դրանից հետո որևէ խոսք չի ասել անհետ կորած տղաների վերաբերյալ, լսել է միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանի «դե ծնգլ արեցիք» արտահայտությունը, երբ լրագրողը նրան Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հարց էր տվել Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ։

«Բացի արտգործնախարարի «ծնգլոցից», այլ բան մենք իշխանություններից չենք լսել։ Ես չեմ էլ սպասում, որ իրենցից որևէ բան կարող եմ լսել։ Ցավոք, հունիսի 7-ին, երբ հասկացա, որ ընտրությունները կեղծելով սրանք վերընտրվեցին, երևի այդ օրվանից մինչև այսօր ես վատ եմ, իմ միակ հույսը մարեց, որովհետև մինչ այդ մտածում էի, որ այլ իշխանություն կգա, մի բան կանի, բայց չէ։

Սրանք որևէ բան չեն անելու, արդեն 6-րդ տարին է՝ ապացուցում են, որ ոչինչ չեն պատրաստվում անել»,- հավելեց Կարինե Մանավազյանը։

Նա նաև փոխանցեց, որ տևական ժամանակ է՝ որևէ գերատեսչության «դուռ չի գնում», քանի որ բոլորն էլ նույնն են, միայն խոսում ու ճանապարհում են՝ առանց արդյունքի։

«Ես անկեղծ կլինեմ՝ այս ամենից հետո ինքս որևէ ելք չեմ տեսնում, խելագարի նման նստած մտածում եմ՝ քանի սրանք կան, ելք չկա, եթե ինչ-որ բան էլ խոսում են, անում են միայն խոսելու համար։

Կարիք չկա այլևս որևէ մեկի դուռը ծեծելու, հոգնել եմ բոլորից, այսքան արհամարհանք մենք որ տեսանք, գնանք՝ ի՞նչ անենք։

Մի ոստիկան ինձ ասում է՝ «մորքուր, սա քո խնդիրն ա», սա ասելու բա՞ն է, որ իրավապահ համակարգի աշխատողն ասում է։ Ես գիտեմ, որ սա իմ խնդիրն է, դա իմ վիշտն է, ցավը, ու այդ ցավը որևէ պետական մարմնի չի հետաքրքրում»,- ընդգծեց Կարինե Մանավազյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բախել են տարբեր գերատեսչությունների դռներ՝ իրենց որդիների վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու համար՝ ապարդյուն։ ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, Կառավարությունից, Պաշտպանության նախարարությունից նրանց որևէ պատասխան չեն տալիս, միակ նախադասությունը, որ կրկնում են՝ բացի Կառավարությունից, այն է, որ՝ «զբաղվում ենք»։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականին գրեթե այս ժամանակահատվածում՝ հուլիսի 26-ին, Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։

Չնայած ծնողները ժամեր շարունակ փակել էին ճանապարհը, սակայն նրանց, Ոստիկանության ծառայողներից ու պաշտոնյաներից բացի, Կառավարության որևէ անդամ չէր մոտեցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930