Բժիշկը նշել է վահանաձև գեղձի համար ամենաօգտակար ընկույզը
Վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար սննդակարգում արժե ներառել բրազիլական ընկույզ։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է կանխարգելիչ բժշկության մասնագետ, նուտրիցիոլոգ Յուլիա Սմիրնովան։
Մասնագետի խոսքով՝ բրազիլական ընկույզը հարուստ է սելենով՝ կարևոր միկրոտարրով, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար։ Նա նշել է, որ օրական ընդամենը 2-4 հատ բրազիլական ընկույզը կարող է ապահովել օրգանիզմի սելենի օրական պահանջը։
«Առանց սելենի օրգանիզմը չի կարող լիարժեք յուրացնել յոդը, որը վահանաձև գեղձի աշխատանքի համար կենսական նշանակություն ունի»,- ընդգծել է մասնագետը։
Սմիրնովայի խոսքով՝ յոդ և սելեն պարունակվում են նաև ձվի և կաթնամթերքի մեջ։ Բացի այդ, վահանաձև գեղձի առողջության համար կարևոր են մի շարք այլ սննդանյութեր։
Դրանց թվում են՝
- Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առկա են յուղոտ ձկնատեսակներում, կտավատի յուղում և ընկույզում,
- Վիտամին D3-ը, որը կարելի է ստանալ ձվի դեղնուցից, ձկան լյարդից և յուղոտ ձկներից,
- Մագնեզիումը, որը պարունակվում է դդմի սերմերում, սպանախում, հնդկացորենում և կակաոյում,
- Կալցիումը, որը պարունակվում է քունջութի, պինդ պանրի, կաթնաշոռի և նուշի մեջ։
Բացի այդ, վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ են նաև ցինկը, ինչպես նաև A, E և B խմբի վիտամինները։
Միաժամանակ մասնագետը զգուշացրել է, որ սննդամթերքը չի կարող փոխարինել բժշկական բուժմանը։ Յոդի արտահայտված պակասի կամ Հաշիմոտոյի թիրեոիդիտի դեպքում անհրաժեշտ է հետևել բժշկի նշանակած բուժմանը։
Սմիրնովան նաև հիշեցրել է, որ յոդի չափից ավելի օգտագործումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և որոշ դեպքերում նպաստել վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը։ Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս հավելումներ ընդունել միայն բժշկի խորհրդով և հետազոտությունների արդյունքների հիման վրա։

