Ծայրահեղ շոգի նոր ալիք․ ջերմաստիճանը կարող է ռեկորդներ սահմանել
Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ուրբաթ օրը հայտնվել է ուժգին տապի ճիրաններում, որը, օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին էլ ավելի կսաստկանա և կարող է հանգեցնել ջերմաստիճանային նոր ռեկորդների, հայտնում է France 24-ը։
Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում։ Իշխանությունները ստիպված են եղել փոխել հարյուրավոր դպրոցների դասացուցակները, իսկ օդերևութաբանները նախազգուշացրել են «ինտենսիվ և երկարատև» տապի ալիքի մասին։ Փարիզում հունիս ամսին ջերմաստիճանը դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ կարող է գերազանցել 40 աստիճանի սահմանագիծը։
Էքստրեմալ եղանակի վերաբերյալ նախազգուշացումներ են տրվել միանգամից մի քանի երկրներում։ Գերմանիայում հանգստյան օրերին սպասվում են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ տեղումներ։ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում բարձրացվել է եղանակային վտանգավորության մակարդակը. համանման միջոցներ են ձեռնարկել նաև Իտալիայի հյուսիսային և կենտրոնական որոշ քաղաքներում։
Բրիտանական օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Անգլիան և Ուելսն արդեն իսկ ապրել են պատմության մեջ ամենաշոգ գարունը։
Ընդ որում, երկրում հունիսյան ջերմաստիճանային ռեկորդի թարմացման հավանականությունը գնահատվում է 40%։
Իսպանիայում քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախազգուշացրել է անոմալ տապի երկարատև փուլի մասին, որը կիրակի օրվանից սկսած կպատի երկրի մեծ մասն ու Բալեարյան կղզիները և կպահպանվի հաջորդ շաբաթվա մեծ մասի ընթացքում:
Շվեյցարական Շաֆհաուզեն քաղաքում ուրբաթ օրը գրանցվել է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 35,7 աստիճան: Առաջիկա օրերին ջերմաչափի սնդիկի սյունը կարող է էլ ավելի բարձր կետի հասնել:
Գիտնականները նման եղանակային երևույթների հաճախացումը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Նրանց խոսքով՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը պատճառ է դառնում, որ շոգի ալիքները, երաշտներն ու ջրհեղեղները դառնան ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ:
Ֆրանսիան արդեն իսկ ապրել է ամենաշոգ գարունը՝ սկսած 1900 թվականից, երբ սկսել են վարվել օդերևութաբանական դիտարկումները։ Փարիզի բնակիչները փորձում են հարմարվել անոմալ եղանակին. շատերը հրաժարվում են ավտոբուսներով երթևեկելուց և ավելի հաճախ օգտվում են մետրոյից, ձգտում են ավելի շատ ջուր խմել և ընտրել հեղուկով հարուստ սննդամթերք:
Մինչդեռ որոշ ֆրանսիացիներ շոգից պաշտպանվելու արտասովոր միջոց են գտել։ Փարիզից դեպի հարավ գտնվող Տրու գյուղի բնակիչ Ժան-Լյուկ Էկլերսի Դետրեպինյին պատմել է, որ համավարակի ժամանակ քարանձավային տուն տեղափոխվելուց հետո գրեթե չի զգում բարձր ջերմաստիճանի ազդեցությունը: Նրա խոսքով՝ շրջապատող ժայռային ապարները տան ներսում ամբողջ տարին պահպանում են կայուն միկրոկլիմա։

