Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին
Ադրբեջանի դատարանը ազատազրկման է դատապարտել ութ ՌԴ քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին մեկ տարի առաջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման շրջանում:
Սերգեյ Սոֆրոնովը, Անտոն Դրաչյովը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով դատապարտվել են 4-ական, Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ 3-ական տարվա ազատազրկման:
Ավելի վաղ, առնչվող գործերով Ալեքսանդր Վայսերոն փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, Իգոր Զաբոլոցկիխը և Իլնուրա Վալիտովան կիբեռհանցագործությունների միջոցով ստացված միջոցների օրինականացման մեղադրանքով՝ 3-ական տարվա ազատազրկման:
Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագիրը, 2025 թվականի ամռանը Ադրբեջանում ձերբակալել էին մի խումբ ՌԴ քաղաքացիների, որոնց թվում՝ ՏՏ մասնագետների, ձեռնարկատերերի և զբոսաշրջիկների:
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամը սկիզբ էր առել 2024-ի դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի կործանումից հետո, որի հետևանքով 38 մարդ զոհվեց: Ըստ քննության՝ Գրոզնիում վայրէջքի պատրաստվող օդանավը խոցել էր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը:
Ռուսաստանի նախագահը ադրբեջանցի գործընկերոջից ներողություն է խնդրել, խոստացել, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտրվի։

