Սուլեյմանին վերջին 100 տարվա «ամենասարսափելի մարդն էր»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ այն կրկին անվանելով իր արտաքին քաղաքականության առանցքային որոշումներից մեկը և ընդգծելով Մերձավոր Արևելքի զինված հակամարտություններում Սոլեյմանիի դերը:
Պատասխանելով լրագրող Սթիվ Կապուտոյի հարցերին՝ Թրամփը կոշտ բնութագրում է տվել Սոլեյմանիին՝ նրան համարելով ամերիկացի զինվորականների և դաշնակիցների շրջանում զանգվածային կորուստների պատասխանատուն.
«Ես ոչնչացրեցի նրանց գեներալին։ Սոլեյմանին սահմանային ռումբի «հայրն» է։ Երբ տեսնում եք առանց ոտքերի, առանց ձեռքերի, խեղված դեմքերով զինվորների, դրա 96,2%-ը կապված է Իրանի հետ։ Դա գալիս է Սոլեյմանիից։ Դա նրա սիրելի զենքն էր։ Եվ ես սպանեցի նրան։
Նա հազարավոր զինվորների ու տասնյակ հազարավոր այլ մարդկանց է սպանել, ևս տասնյակ հազարավորների՝ ողջ տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ Սոլեյմանին առանցքային դեր է ունեցել ընդհատակյա պայթուցիկ սարքերի կիրառման մարտավարության մեջ և համարվել է ծայրահեղ վտանգավոր ռազմական հրամանատար.
«Նա վերջին 100 տարվա ամենասարսափելի մարդն էր։ Իրանում էլ էին նրանից վախենում. անգամ այաթոլլաներն էին վախենում նրանից։ Նա շատ դաժան, շատ խելացի գեներալ էր»,- հայտարարել է նա։
Թրամփի խոսքով՝ նրան չեզոքացնելու գործողությունը նախապես պատրաստված է եղել և մասնակիորեն համակարգվել է Իսրայելի հետ, սակայն, ինչպես նա է պնդում, իսրայելական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից։
«Դա պետք է լիներ համատեղ գործողություն։ Մենք դրա վրա աշխատում էինք շուրջ 30 օր։ Իսրայելը վերջին պահին հայտարարել է, որ չի մասնակցելու դրան։ Ես ըմբռնումով մոտեցա դրան»,- պատմել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ, չնայած դաշնակիցների հրաժարվելուն, գործողությունն իրականացվել է բացառապես ամերիկյան ուժերով և, նրա խոսքով, անցել է առանց որևէ խափանման։
Թրամփը պնդել է, որ Սոլեյմանին նոր հարվածներ էր պլանավորում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, ինչը կարող էր հանգեցնել զգալի կորուստների։
«Նա պատրաստվում էր հարձակվել մեր հինգ ռազմաբազաների վրա։ Ես կանխեցի դա հարձակումից մեկ շաբաթ առաջ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև կրկին հակադրել է իր որոշումը ԱՄՆ նախորդ վարչակազմերի գործողություններին՝ հայտարարելով, որ նախկինում նման քայլեր չեն ձեռնարկվել, և ընդգծել է, որ Սոլեյմանիի լիկվիդացումը շրջադարձային պահ է դարձել տարածաշրջանային անվտանգության հարցում։

