Բաժիններ՝

Աֆրիկյան և կարիբյան երկրները ներողություն և հատուցումներ են պահանջել տրանսատլանտյան ստրկավաճառության համար

Աֆրիկայի և Կարիբյան ավազանի երկրները պահանջել են պաշտոնական ներողություն խնդրել և ռեպարացիաներ վճարել այն պետությունների կողմից, որոնք հարստացել են տրանսատլանտյան ստրկավաճառության հաշվին։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Այս պահանջները հնչել են Գանայում կայացած եռօրյա համաժողովի արդյունքներով, որը նվիրված է եղել փոխհատուցման արդարադատության գաղափարի առաջմղմանը։

Նախաձեռնությունը նոր թափ է ստացել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտին ընդունել է բանաձև, որով տրանսատլանտյան ստրկավաճառությունը որակվել է որպես «մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործություն»։ Փաստաթուղթը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ներդրում ունենալ ռեպարացիոն հիմնադրամի ստեղծման գործում։

Պատմական տվյալներով՝ 15-ից 19-րդ դարերում Աֆրիկայից բռնի ուժով տեղահանվել և Ամերիկայում ստրկության է վաճառվել շուրջ 12–15 միլիոն տղամարդ, կին և երեխա։

Գանայի մայրաքաղաք Ակրայում անցկացված համաժողովի շրջանակներում հավանության է արժանացել ռեպարացիաների հարցով «հետագա քայլերի» 19 կետից բաղկացած ծրագիրը։ Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ պարտքերի դուրսգրում, գողացված մշակութային արժեքների վերադարձ և գլոբալ ռեպարացիոն հիմնադրամի ստեղծում։ Հնարավոր վճարումների հստակ չափը փաստաթղթում նշված չէ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Աֆրիկայում կանանց և աղջիկների վրա ստրկության անհամաչափ ծանր ազդեցությանը։

Համաժողովի մասնակիցները ստրկավաճառությանը մասնակցած երկրներին կոչ են արել հանդես գալ «լիակատար, պաշտոնական և անվերապահ ներողողությամբ»։

Գանայի նախագահ Ջոն Դրամանի Մահաման հայտարարել է.

«Պատմությունը մեզնից չի պահանջում ժառանգել մեղքը, բայց պահանջում է, որ մենք ստանձնենք պատասխանատվությունը»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեսաուղերձով դիմելով համաժողովի մասնակիցներին, ընդունել է, որ ստրկացված մարդիկ «զրկվել են անհատականությունից և վերածվել ապրանքի»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռեպարացիաները չպետք է սահմանափակվեն բացառապես ֆինանսական փոխհատուցմամբ՝ զգուշացնելով դրանք չընկալել որպես «չեկ, որը փակում է պատմության էջը»։

Մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համապատասխան բանաձևն ընդունել է 123 «կողմ» ձայնով։ «Դեմ» են քվեարկել միայն 3 երկրներ՝ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արգենտինան։ Եվս 52 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ պետությունները, ձեռնպահ են մնացել։ Փաստաթուղթն ունի խորհրդատվական, այլ ոչ թե պարտադիր բնույթ։

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը նախկինում հայտարարել են, որ չեն սատարում փոխհատուցումներ վճարելու գաղափարը՝ պատճառաբանելով, որ ժամանակակից պետություններն ու հաստատությունները չեն կարող իրավական պատասխանատվություն կրել պատմական այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են լիովին այլ պատմական և իրավական պայմաններում։

Նշվել է նաև, որ 19-րդ դարում՝ ստրկության վերացումից հետո, Մեծ Բրիտանիան փոխհատուցում է վճարել ոչ թե ազատագրված մարդկանց, այլ ստրկատերերին. այդ գումարը ժամանակակից հաշվարկներով գերազանցում է 21 միլիարդ դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930