ԱՄՆ-ն ու Կատարը մեխանիզմ են մշակում՝ Իրանին սառեցված 6 միլիարդ դոլարի հասանելիություն տրամադրելու համար. WSJ
ԱՄՆ-ը Կատարի հետ համատեղ աշխատում է Իրանի համար արտերկրում սառեցված միջոցների մի մասին հումանիտար կարիքների համար հասանելիություն տրամադրելու մեխանիզմի վրա։ Այս քայլը դիտարկվում է որպես վերջերս կնքված պատերազմի դադարեցման համաձայնագրի շրջանակում առաջին ֆինանսական խթաններից մեկը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Թեև ծրագիրը դեռ վերջնականապես չի հաստատվել, ենթադրվում է, որ Թեհրանը կկարողանա օգտագործել աշխարհի տարբեր երկրներում սառեցված իր շուրջ 100 միլիարդ դոլարի ակտիվների մի մասը։
Առաջին փուլում խոսքը վերաբերում է Կատարում գտնվող 6 միլիարդ դոլարին։
Քննարկվող սխեմայի համաձայն՝ Կատարը կվճարի Իրանի Կենտրոնական բանկի կողմից գնվող պարենամթերքի, դեղերի և այլ հումանիտար ապրանքների մատակարարումների համար։
Այս գումարները կհատկացվեն Իրանի սառեցված ակտիվներից, որոնց մեծ մասը նավթի վաճառքից ստացված եկամուտներն են՝ արգելափակված արտասահմանում միջազգային պատժամիջոցների պատճառով։
Աղբյուրների խոսքով՝ այս միջոցներին հասանելիությունը պետք է դառնա լարվածության նվազեցմանն ու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդմանն ուղղված համաձայնագրի գործնական արդյունքներից մեկը։

