Բաժիններ՝

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊ

Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

«Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։

Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։

Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։

Ընդգծում եմ, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։

Աշխատակազմը շարունակաբար իրականացնում է ոլորտային մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ, համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև իրականացնում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Այս ոլորտում կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ վերջերս ձևավորված` ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը, որը միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտում ներգրավված այլ

շահագրգիռ կողմերի։ Խորհուրդը կարևոր հարթակ է՝ խնդիրների համատեղ քննարկման, լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։

Կարևորում եմ նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։

Հարգելի´ գործընկերներ,

Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է` վերահաստատելու մեր հանձնառությունը այն կարևոր գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական, ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով, ինչպես նաև ունենա իր իրավունքների լիարժեք պաշտպանության և արդյունավետ իրացման հնարավորություն։

Այս օրը նաև կարևոր հիշեցում է, որ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով, ինչը ենթադրում է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930