Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին 2003 թ. կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:

Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծեց, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորեց տեղական համայնքների կարիքների ընկալումն ու նրանց մշակութային ժառանգության պահպանությունը։
Արամ Հակոբյանն անդրադարձավ նաև հակամարտությունների և տեղահանությունների հետևանքով ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առավել աջակցել տեղահանված և փախստական համայնքներին՝ նպաստելով վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը։

Նստաշրջանին ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։

Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվեց որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած նրա մասնագիտական փորձառության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930