Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը՝ Թրամփի՝ Ջորջիա Մելոնիի հասցեին արված հայտարարությունների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովի շրջանակներում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աղաչել է իրեն՝ իր հետ լուսանկարվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հավանաբար, նա ուրախ է, որ ես խոսել եմ նրա հետ։ Ես պարտավոր չէի խոսել նրա հետ: Նա աղաչում էր ինձ՝ իր հետ լուսանկարվելու համար։ Նա այնքան շատ էր ուզում լուսանկարվել ինձ հետ։ Ես կարող էի դա չանել, բայց խղճացի նրան»,- ասել է նա իտալական La7 հեռուստատեսության լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Իտալիայի վարչապետը անմիջապես պատասխանել է Թրամփի հայտարարություններին:

«Որոշ բաներ անհապաղ արձագանք են պահանջում։ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջովին հորինված են։ Ես ցնցված եմ, չգիտեմ, թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այսպես պահում իր դաշնակիցների նկատմամբ: Նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում. կարող եմ միայն ասել՝ ցավալի է, որ նա նույնպիսի վճռականություն չի ցուցաբերում Արևմուտքի թշնամիների դեմ պայքարում: Ո՛չ ես, ո՛չ էլ Իտալիան երբեք որևէ բանի համար չենք աղաչում»,- այս մասին Մելոնին ասել է X-ում հրապարակած տեսանյութում:

Իր հերթին, Իտալիայի ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է ԱՄՆ կատարելիք իր այցը չեղարկելու մասին։

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական արտահայտությունները վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորանք են ողջ Իտալիայի համար։ Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել չեղարկել իմ այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հունիսի 21-ին և 22-ին», – գրել է նա X-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Մելոնիին, ինչպես և եվրոպացի բոլոր առաջնորդներին, մեղադրել էր Իրանի և Հորմուզի նեղուցի հարցում օգնել չցանկանալու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930