UKMTO-ն Հորմուզի նեղուցով նավագնացության համար սպառնալիքի մակարդակը իջեցրել է մինչև «չափավոր»
Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սպառնալիքի մակարդակը նվազել է մինչև «չափավոր»՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո, հայտնել է Միացյալ Թագավորության Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Այնուամենայնիվ, վարչությունը, որը տրամադրում է ծովային անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն և ենթարկվում է բրիտանական Թագավորական ռազմածովային նավատորմին, զգուշացրել է ծովագնացներին նեղուցի շրջանում ականների հնարավոր առկայության և ռազմածովային ուժերի ներկայության մասին՝ շարունակվող ականազերծման գործողության պայմաններում։
UKMTO-ն նաև նախազգուշացրել է տարանցիկ երթուղիներում առևտրային նավերի սպասվող կուտակման մասին և այն մասին, որ ռազմածովային ուժերը մոտակայքում կլինեն՝ նավերի անխափան տեղաշարժն ապահովելու համար։
Ավելի վաղ նեղուցի շրջանում սպառնալիքի մակարդակը համարվում էր «կրիտիկական»՝ շարունակվող տարածաշրջանային ռազմական գործողությունների պատճառով։
UKMTO-ի հաղորդագրությունը տարածվել է այն բանից հետո, երբ հինգշաբթի ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարեց իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման լիակատար վերացման մասին, որը գործում էր ապրիլի 13-ից։
«Ամերիկյան զորքերը նախագահի ցուցման համաձայն հանել են շրջափակումը իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ մուտք գործող և այնտեղից դուրս եկող ամբողջ ծովային տրանսպորտի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ «ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը կմնան այս շրջանում՝ համոզվելու համար, որ (Վաշինգտոնի և Թեհրանի կողմից ստորագրված) հուշագրի բոլոր ասպեկտները պահպանվում, կատարվում և ամբողջ ծավալով գործում են»։
Թեհրանը փաստացի փակել էր Հորմուզի նեղուցը այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Այնուհետև իրանական նավահանգիստների շրջափակումը սահմանեցին ԱՄՆ-ը։
Ստորագրված հուշագիրը, մասնավորապես, նախատեսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացում։

