ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգի 1 տարով
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել արդեն մեկ տարով։ Մինչ այժմ Ուկրաինայի դեմ պատերազմի և ուկրաինական տարածքների բռնակցման պատճառով սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին վեց ամիսը մեկ։
Որոշումը կայացվել է երեկ Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նիստում։
Մինչ այս պատժամիջոցների ժամկետը մեկ տարով երկարաձգելուն դեմ էր Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրա կուսակցության պարտությունից հետո, սակայն, Բուդապեշտի դիրքորոշումը փոխվել է։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսնակը հայտնել է, որ որոշումն արդեն կայացված է և առաջիկայում պաշտոնապես կհաստատվի։
Նիստին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Եվրոպական խորհուրդը վերահաստատել է աջակցությունը Ուկրաինային՝ նշելով, որ ԵՄ-ն գործընկերների հետ կշարունակի Կիևին տրամադրել քաղաքական, ֆինանսական, տնտեսական, մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցություն։
ԵՄ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Մոսկվային մղելու պատերազմը դադարեցնելուն և խաղաղ բանակցությունների գնալուն։

