Նիգերի ամենախոշոր օդանավակայանի վրա 5 ամսվա ընթացքում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել. կան զոհեր

Նիգերի ամենախոշոր՝ մայրաքաղաք Նիամեյի Դիորի Համանիի անվան միջազգային օդանավակայանի վրա հինգշաբթի առավոտյան զինված հարձակում է եղել։ Սա վերջին հինգ ամսից պակաս ժամանակահատվածում օբյեկտի վրա իրականացված արդեն երկրորդ հարձակումն է, հաղորդում է BBC News-ը:

Տեղի բնակիչները պատմել են, որ պայթյուններն ու կրակոցների ձայները հնչել են առավոտյան աղոթքից անմիջապես հետո։

«Մենք աղոթքն ավարտեցինք մոտավորապես 05:50-ին, և դրանից կարճ ժամանակ անց լսեցինք ուժեղ դղրդյուն՝ ասես ինչ-որ բան պայթեր, հնարավոր է՝ անվադող,- պատմել է շրջանի բնակիչներից մեկը՝ Լավալի Ցալհան։- Միայն ավելի ուշ հասկացանք, թե ինչ է կատարվում»։

Անվտանգության ծառայությունների աղբյուրի տվյալներով՝ բախման հետևանքով սպանվել է ուժային կառույցների առնվազն չորս աշխատակից, ինչպես նաև մի քանի հարձակվող։ Հաղորդվում է, որ հարձակվողների մի մասը ձերբակալվել է, սակայն հարձակման մասնակիցների հստակ թիվը դեռևս չի հրապարակվում։

Միջադեպից հետո օդանավակայանի տարածքում լայնամասշտաբ գործողություն է սկսվել հարձակվողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ականատեսները պնդում են, որ որոնումներին միացել են տեղի բնակիչները, թեև ուժայինները փորձել են սահմանափակել քաղաքացիական անձանց մասնակցությունը։

«Հարձակվողները խառնվել էին տեղի բնակչությանը, ուստի նրանց հայտնաբերելը դժվար էր։ Մարդիկ մաչետեներ ու փայտեր էին վերցնում՝ պաշտպանվելու և բոլոր նրանց վրա հարձակվելու համար, ում չէին ճանաչում»,- հայտնել է վկաներից մեկը։

Օրվա միջնամասին օդանավակայանի շրջանում իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել, սակայն տարածքը շարունակում է շրջափակված մնալ, իսկ ուժային կառույցները ստուգում են տրանսպորտը և շարունակում որոնողական գործողությունը։

Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել ներկայիս հարձակման պատասխանատվությունը, իսկ Նիգերի ռազմական իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930