Մոսկվայում թուրք նախարարին շնորհել են МГИМО-ի պատվավոր դոկտորի կոչում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում այցելել է Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄՀՄՊԻ-МГИМО)։ Ռեկտորի կողմից նրան շնորհվել է այդ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիդանը շնորհակալություն է հայտնել և նշել է, որ այս ինստիտուտն ավելի քան 80 տարի պատրաստում է դիվանագետներ, գիտնականներ և պետական գործիչներ, որոնք ձևավորել են միջազգային հարաբերությունների ընթացքը։
«Ես այս պատիվն ընդունում եմ ոչ միայն ինձ համար, այլ նաև որպես հարգանքի նշան Թուրքիայի և Ռուսաստանի միջև խորը արմատներ ունեցող հարաբերությունների և մեր ժողովուրդներին միավորող փոխըմբռնման հանդեպ: Այս առիթով ցանկանում եմ հարգանքով հիշատակել այս հաստատության մեկ այլ ականավոր շրջանավարտի՝ հանգուցյալ դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակը, ով իր երկրին ծառայել է արտակարգ նվիրվածությամբ: Նրա ժառանգությունը շարունակում է ապրել որպես դիվանագիտության միավորող ուժի ապացույց»։
Խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից՝ Ֆիդանը նշել է, որ երկկողմ գործընկերությունն ավելի կարևոր է դառնում։ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները պատմության կողմից ձևավորված, ճգնաժամերով փորձարկված, համագործակցության և բարձր մակարդակի երկխոսության միջոցով պահպանված գործընկերություն է։

