Իրանը Ռուսաստանից 20 ուղղաթիռ կգնի Կարմիր մահիկի կարիքների համար
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը և «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է 20 ուղղաթիռի գնում Իրանի Իսլամական Հանրապետության համար, հաղորդում է Mehr-ը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Մոսկվայում՝ ռուսական պետական ձեռնարկության կենտրոնակայանում։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Կարմիր մահիկի ընկերության (IRCS) նախագահ Փիր-Հոսեյն Քուլիվանդը և «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովը։
Ստորագրումից հետո Քուլիվանդը հայտարարել է, որ համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից 20 ուղղաթիռի ուղղակի գնում՝ երկրի լոգիստիկ և ավիացիոն փրկարարական հնարավորություններն ուժեղացնելու համար։
Նա նշել է, որ առաջին չորս մեքենաների մատակարարման պայմանագիրն արդեն համաձայնեցված է, իսկ դրանց մատակարարումը Իրան ակնկալվում է մինչև Նավրուզի տոնը՝ 2027 թվականի մարտին։
Ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի՝ համաձայնագիրը նշանակալի փուլ է կազմակերպության պատմության մեջ։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպանությանը և երկրի խորհրդարանին՝ նախագծի իրականացմանն աջակցելու համար։
Քուլիվանդը հայտնել է նաև, որ նոր ուղղաթիռները հագեցած են ժամանակակից համակարգերով, ներառյալ գիշերային տեսանելիության սարքավորումները, ինչը հնարովորություն է տալիս թռիչքներ իրականացնել օրվա մութ ժամերին։ Մեքենաները միաժամանակ հարմարեցված են հրդեհաշիջման, բժշկական տարհանման և փրկարարական գործողությունների համար։

