Ո՞ւմ ձայնն է կեղծված. ումը կեղծված է, դո՛ւրս եկեք հրապարակ. էն ժամանակ կտեսնեք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում չկան ՀՀ 29 743 քկմ տարածքով չբավարարվող հարյուր-հազարավոր քաղաքացիներ։ Այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «էդքան ընտրակաշառք կա»։
«Ու սա շատ էական հանգամանք ա, և ես կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատեն իրենց հավատարմությունը խաղաղությանը։ Ես դրա համար եմ ասում՝ սպառնալիքը էդտեղ ա։ Այսինքն՝ էնքան մարդիկ կան, որ վերանայում են, որ էս վատ խաղաղություն ա, պետք ա ուժեղ, ուժով խաղաղություն բերե՞լ։ Էդքան մարդ կա՞ Հայաստանի Հանրապետությունում։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ստեղ ա, որ սպառնալիք ա առաջացել։ Ես սրա համար եմ ասում՝ խնդիրն էն չի՝ ով քանի մանդատ կունենա։ Խնդիրն էն ա, որ էդ թվերն արտահայտում են Հայաստանի տրամադրություննե՞ր։ Չեն արտահայտում, որովհետև էդ մարդիկ ասում են՝ ընտրություններ կեղծվել են։ Ընտրությունները կեղծվել են, ու դատա՞րկ են էս տեղերը»,- հայտարարեց Փաշինյանը՝ ձեռքով ցույց տալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դատարկ աթոռները։
Նիկոլ Փաշինյանը զարմանալի է համարում այն, որ ըստ ընդդիմության՝ ընտրությունները կեղծվել են, բայց հանրապետության հրապարակները դատարկ են։
«Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ Էդ ո՞ւմ ձայնն է կեղծվել։ Տենց բան հնարավո՞ր ա։ Ո՞ւմ ձայնն է կեղծվել, որ հիմա, հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին, Ձեր հետևորդների ձայները կեղծվել են, դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբաբ եք ուտո՞ւմ»,- զարմանում է Փաշինյանը։
Իսկ Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ խորհրդարանական ընտրություններից անցած 10 օրվա ընթացքում Ադրբեջանը ռազմական գործողություն չի ձեռնարկել Հայաստանի դեմ։ ՔՊ-ական պատգամավորն այս 10 օրվա հետընտրական կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություն չանելու կամ սահմանին որևէ միջադեպ չգրանցվելու փաստը փորձում է ընդհանրացնել ամբողջ պատկերի վրա և ստեղծել տպավորություն, թե ի հեճուկս Հայաստանի ընդդիմության բոլոր կանխատեսումների՝ այս խաղաղությունը պայմանավորված չէր Հայաստանում նախընտրական իրավիճակով։
Այն, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի չի դիմել Հայաստանի դեմ այս 10 օրերին, արդյոք նշանակո՞ւմ է, որ նա դա չի անի, ասենք, երեք ամիս անց՝ ինչպես կանխատեսել էր Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական պատգամավորն այս հարցը չի բարձրացնում և չի էլ տալիս դրա պատասխանը։ Սակայն նա հիացած է այն հանգամանքով, որ «Ադրբեջանի խոսույթը մեծ փոփոխություններ է կրում», և ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «նույն նախադասություններով էին նկարագրում իրավիճակը Հարավային Կովկասում»։
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավորը, հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին, հույս էր հայտնում, որ Հայաստանը և Ադրբեջանը, մեր ընդդիմությանն «ինադու», կարող է՝ մեկ հազարամյակ խաղաղություն պահպանեն Հարավային Կովկասում։ Նա հենց այսպիսի հռետորական հարց հնչեցրեց. «Արդյո՞ք կարելի է մտածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ի հեճուկս մեր ընդդիմության և երաշխավորների, կարող է՝ մեկ հազարամյակ պահպանեն Հարավային Կովկասում»։
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «մեզ համար շատ կարևոր էր, որ խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք», և «շատ կարևոր էր, որ խաղաղության գործընթացն ընկնի իր դինամիկայի մեջ»։ Նիկոլ Փաշինյանը հաճելիորեն պարզել է, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում։ Այս համատեքստում Փաշինյանը հիշատակեց Դիլիջանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը սկսեց սլաքներն ուղղել դեպի Հայաստանի այն քաղաքացիները, որոնք կարող է՝ համաձայն չլինեն վերոնշյալ «օրակարգի» հետ, և սկսեց թիրախավորել ընդդիմադիր ուժերին։
Մանրամասները՝ տեսանյութում։

