Բրազիլիայի նախկին նախագահի որդուն հեռակա կարգով դատապարտել են չորս տարվա ազատազրկման
Բրազիլիայի Գերագույն դատարանը հեռակա կարգով ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդուն՝ Էդուարդու Բոլսոնարուին, իր հոր դատավարությանը խոչընդոտելու փորձի համար, հայտնել է G1 լրատվական պորտալը։
«Բրազիլիայի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահի որդուն՝ Էդուարդու Բոլսոնարուին, դատապարտել է չորս տարի երկու ամիս ժամկետով՝ 2022 թվականին պետական հեղաշրջման փորձի քննության շրջանակում դատական գործընթացը խոչընդոտելու փորձի համար», – նշում է լրատվամիջոցը։
Ըստ քննության վարկածի՝ ավելի քան մեկ տարի առաջ ԱՄՆ տեղափոխվելուց հետո այն ժամանակվա կոնգրեսական Էդուարդու Բոլսոնարուն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ նպատակ ունենալով պատժամիջոցներ սահմանել Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավորների և Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարության անդամների նկատմամբ՝ փորձելով կանգնեցնել իր հոր դատավարությունը։
Չնայած ճնշումներին և պատժամիջոցներին, որոնք ի վերջո սահմանվել էին ԱՄՆ-ի կողմից (օրինակ՝ դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի դեմ), դատական գործընթացը կայացել է, և ավագ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարի 3 ամիս ազատազրկման՝ պետական հեղաշրջում կազմակերպելու համար։
Էդուարդու Բոլսոնարուն, որը մինչ այժմ բնակվում է ԱՄՆ-ում, փաստաբան չի նշանակել և դատական նիստում ներկայացվել է պետության կողմից նշանակված պաշտպանով, որը պնդել է, որ նա անմեղ է, և խնդրել է չեղարկել մեղադրանքը՝ ապացույցների անբավարարության պատճառով։

