Պատժամիջոցներ ՌԴ-ի «ստվերային նավատորմի» դեմ. ցանկում են ներառվել Ադրբեջանի քաղաքացի և սումգայիթյան ընկերություն
Պատժամիջոցներ ՌԴ-ի «ստվերային նավատորմի» դեմ. ցանկում են ներառվել Ադրբեջանի քաղաքացի և սումգայիթյան ընկերություն.
Եվրոպական միության խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է 34 ֆիզիկական և 47 իրավաբանական անձանց։ Սահմանափակումներն ուղղված են այն կառույցների և անձանց դեմ, որոնք, Բրյուսելի գնահատմամբ, կապված են ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի, նավթի արտահանման, այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու մատակարարման հետ։
Պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց թվում նշվում է ադրբեջանցի գործարար Թահիր Գարաևը։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվել 24 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ԵՄ տվյալներով, մասնակցում են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրմանն ու արտահանմանը, դրանց թվում՝ «ստվերային նավատորմի» նավերի օգտագործմամբ։
Պատժամիջոցների ցանկում է ներառվել նաև Սումգայիթում գրանցված Global Ship Solutions LLC ընկերությունը։ ԵՄ փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունն զբաղվում է Fulger, Deneb և Odune նավերի տեխնիկական կառավարմամբ։ Բրյուսելում պնդում են, որ այդ նավերն օգտագործվել են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրման համար և կապված են եղել նավերի ավտոմատ նույնականացման համակարգերի մանիպուլյացիայի գործելակերպի հետ։
ԵՄ որոշման մեջ նշվում է, որ ընկերությունն ապահովում է ռուսական էներգակիրների փոխադրման մեջ ներգրավված նավերի կառավարումը և, եվրոպական իշխանությունների կարծիքով, կապված է այնպիսի գործունեության հետ, որը Միջազգային ծովային կազմակերպությունը դասում է նավագնացության բարձր ռիսկային մեթոդների շարքին։
Առանձնահատուկ հիշատակվում է Odune լցանավը, որի տեխնիկական կառավարողն է Global Ship Solutions LLC-ն։ 2025 թվականին այս նավն արդեն ներառվել էր Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկերում։ Դրա առևտրային կառավարող է նշված Ադրբեջանում գրանցված Night Moon Navigation LLC ընկերությունը։
Բացի ադրբեջանական ընկերությունից, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստանում, Լիբերիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հոնկոնգում գրանցված կազմակերպություններ։

