Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, նաև դուրս չի գա Լիբանանից. Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ իսրայելական բանակը կմնա Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային գոտում՝ երկրի հյուսիսային շրջանների բնակիչներին պաշտպանելու համար», երեկ երեկոյան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մասին լուրից մոտ 20 ժամ անց, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Տասնամյակներ շարունակ ես պայքարել եմ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի դեմ։ Կարող եմ սա սահմանել որպես իմ կյանքի առաքելություն։ Ես հետևել եմ դրան մինչև հիմա և կհետևեմ ապագայում։ Գործարքով կամ առանց դրա, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, թե «փրկել են Իսրայել պետությունը ոչնչացումից», սակայն պայքարը չի ավարտվել՝ «պետք է շարունակել լինել զգոն, ուժեղ և, անհրաժեշտության դեպքում, վճռականորեն պաշտպանվել»։
«Մենք Իսրայել պետության շուրջ ստեղծեցինք անվտանգության խորը գոտիներ։ Մենք դա արեցինք Գազայում, Լիբանանում և Սիրիայում, որտեղ, ի դեպ, մենք վերացրինք Ասադի բանակի ողջ զենքը, որը կենտրոնական օղակ էր չարիքի առանցքում։ Եվ ես ուզում եմ հստակեցնել. մենք կմնանք այս անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար»,- զգուշացրել է նա։
Նեթանյահուն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միմյանց ճանաչում են երկար տարիներ։ Ու հաճախ համաձայն են լինում որոշ հարցերի շուրջ, իսկ երբեմն՝ ոչ։ «Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության շահերի համար և պնդում եմ, որ դրանք հարգվեն»,- ասել է նա։

