Մոսկվան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան. առավոտվա դրությամբ ռուսական ուժերը խոցել են ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։ Հարված է հասցվել Կապոտնյայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում։

Սոբյանինը նշել է, որ նավթավերամշակման գործարանը վնասվել է։ Օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Գործարանը թիրախավորվել էր նաև մայիսի 17-ին, տուժել էր 12 մարդ։ 2022 թվականին Սոբյանինը հայտնել էր, որ Կապոտնյայի նավթավերամշակման գործարանն ապահովում է մայրաքաղաքի վառելիքային շուկան ավելի քան 40%-ով։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հարվածը։

«Ուկրաինայի հեռահարությունն այս անգամ զգացին Մոսկվայի մարզում։ Խոցվել է նավթավերամշակման գործարան 500 կմ հեռավորության վրա։ Ռուսաստանին հարկավոր է ստիպել, որ ավարտի մեր ժողովրդի դեմ պատերազմը։ Ուկրաինայի հեռահար զենքն այդ պարտադրման կարևոր բաղկացուցիչներից մեկն է», – գրել է Զելենսկին Telegram-ում։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 172 ԱԹՍ խոցելու մասին։ Բացի Մոսկվայից, թիրախավորվել է նաև Կրասնոդարի մարզը։ Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Կրասնոարմեյսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով նավթաբազայում հրդեհ է բռնկվել։

Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ երկրի վրա արձակվել է 132 ԱԹՍ և 2 բալիստիկ հրթիռ։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Խերսոնի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ԱԹՍ-ները թիրախավորել են երթուղային տրանսպորտ և շտապօգնության մեքենա։ Մեկ մարդ զոհվել է։ Իսկ Բալակլեա քաղաքին ռուսական հարվածի հետևանքով 8 մարդ է տուժել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930