Բոստոնի դատարանն արգելել է Թրամփի վարչակազմին ազգային պարկերից հեռացնել ստրկության ու կլիմայի մասին ցուցադրությունները
Բոստոնի դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է ազգային պարկերում վերականգնել ստրկության և կլիմայի մասին հեռացված ցուցադրությունները
Դաշնային դատավոր Էնջել Քելին նախնական դատական որոշում է կայացրել, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է երկրի ազգային պարկերում և հուշարձաններում վերականգնել ստրկությանը, կլիմայական փոփոխություններին ու գիտական այլ թեմաներին նվիրված տեղեկատվական վահանակներն ու ցուցադրությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Խոսքն այն նյութերի մասին է, որոնք ԱՄՆ ներքին գործերի նախարարությունն ավելի վարղ հեռացրել էր Ազգային պարկերի ծառայության տարածքներից, քանի որ, վարչակազմի կարծիքով, դրանք «չեն համապատասխանել ընդունված պատմական թեզերին»։
Որոշումը կայացվել է բնապահպանական, պատմական և գիտական համայնքները ներկայացնող կազմակերպությունների, այդ թվում՝ Ազգային պարկերի պահպանության և Ամերիկյան պետական ու տեղական պատմության ասոցիացիաների հայցի հիման վրա։ Հայցվորները պնդել են, որ գերատեսչության քայլերը «պատմությունը ջնջելու և գիտությունը արժեզրկելու համակարգված արշավ են եղել»։
Դատավոր Քելին նշել է, որ ցուցադրությունների հեռացումը վնասում է ազգային պարկերի ամբողջականությանը և գրաքննության ու պատմական բովանդակությունը «զտելու» վտանգավոր նախադեպ է ստեղծում։
«Սա ոչ միայն հարվածում է ազգային պարկերի հեղինակությանը, այլև գրաքննության ու պատմությունը խեղաթյուրելու վտանգավոր նախադեպ է ստեղծում», — նշել է դատավորը։
Ըստ դատարանի հրահանգի՝ կառավարությունը պետք է 21 օրվա ընթացքում տեղը վերադարձնի բոլոր հեռացված նյութերը՝ Միացյալ Նահանգների 250-ամյակի նախաշեմին։
Հիշեցնենք, որ մինչ այս Թրամփի վարչակազմը հատուկ հրամանագիր էր ստորագրել այսպես կոչված «ռևիզիոնիստական շարժման» դեմ, որը, ըստ իրենց, ԱՄՆ պատմությունը ներկայացնում է բացառապես որպես «ռասիստական, սեքսիստական ու ճնշող»։
Մինչդեռ Ներքին գործերի նախարարությունը պնդել է, թե իրենց քաղաքականության միակ նպատակն այն է, որ ազգային պարկերը «ամերիկյան անցյալի մասին պատմեն ամբողջական ու անաչառ կերպով»։

