Սպահանի իշխանությունները կարգադրել են կալանք դնել Իրանի թշնամիներին աջակցելու մեջ մեղադրվող 100 անձի գույքի վրա
Իրանի Սպահան նահանգի դատական համակարգի ղեկավարը հայտնել է, որ սկսվել է այն 100 անձանց գույքի հայտնաբերման ու կալանավորման գործընթացը։ Իշխանությունները նրանց անվանում են «հայրենիքի դավաճաններ»։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ խոսքն այն անձանց մասին է, ովքեր տարբեր ձևերով սատարել են Իրանի հակառակորդների գործողություններին և աջակցել երկրի տարածքում նրանց ծավալած գործունեությանը։
«Կարգադրություն է արձակվել հայրենիքի 100 դավաճանների գույքը հայտնաբերելու և կալանքի տակ դնելու մասին։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր տարբեր եղանակներով աջակցել են Իրանում թշնամիների իրագործած հանցագործություններին», — հայտարարել է նահանգի դատական համակարգի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ նման անձանց ու նրանց ակտիվների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։
Թե հատկապես ովքեր են ներառվել այդ հարյուր հոգուց կազմված ցուցակում, ինչ մեղադրանքներ են նրանց առաջադրվել և դատական ինչ փուլում են գտնվում համապատասխան գործերը, առայժմ չի հստակեցվում։

