Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի նախագծի վերջնականացումից հետո այն կստորագրվի «հեռավար կարգով», և դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։
«Բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո, այս համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի դրա մասին։ Ստորագրումն սկզբնական փուլում կկատարվի թվային (էլեկտրոնային) եղանակով։ Յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը։ Դրանից հետո կհայտարարվի, որ այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի կողմից», – պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արաղչին։
«Սա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Ես մեծ հույս ունեմ»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:
Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների հետ սկսված պատերազմին վերջ դնելու նպատակով «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր» անվանումը ստացած շրջանակային համաձայնագիրը «երբևէ այսքան մոտ չի եղել իրականացմանը»։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագրերը և պնդել էր, որ շուտով կարող է ստորագրվել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր։
Իր հարցազրույցում Արաղչին ասել է, որ շրջանակային համաձայնագրի մանրամասները կհայտարարի, երբ այն «վերջնականապես հաստատվի», և որ մանրամասներին հիմա անդրադառնալը կարող է «վտանգի տակ դնել գործարքի ստորագրումը»։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը ներառում է Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման դադարեցումը, որը գործում է ապրիլի 13-ից, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուց-ի կառավարման վերաբերյալ պայմանավորվածություններ։

