Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ և պետական պարգևներ հանձնել գիտության, մշակույթի և հասարակական գործունեության ականավոր գործիչներին:
Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել աշխատանքի հերոսների, գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի, ինչպես նաև մարդասիրական, բարեգործական և իրավապաշտպան գործունեության ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների պարգևատրման ավանդական արարողությունը:
«Սիրելի բարեկամներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մենք այս տոնը նշում ենք հայրենիքի հանդեպ ջերմ, սրտառուչ վերաբերմունքով, մեր նախնինեի բազմաթիվ սերունդների աշխատանքային ու ռազմական մեծ նվաճումների համար հպարտությամբ, հայրենի պատմության առանցքային իրադարձությունների նկատմամբ հարգանքով և իհարկե այն ըմբռնումով, որ մեր պետության ավելի քան հազարամյա ուղու բոլոր փուլերը մեկ ամբողջություն են», – պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Պուտինը:
Նա հավելել է, որ համախմբվածությունն ու հայրենասիրությունը մշտապես եղել են ռուս ժողովրդի գլխավոր արժեքները:
Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 – ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։

