«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ». Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Նա պնդեց, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։
Կարապետյանը շեշտեց՝ եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։
«Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- հայտարարեց նա։
Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։
Նա նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան։
«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասաց Կարապետյանը։
Նա հավելեց, որ գլխավոր որոշում կայացնողը ժողովուրդն է։ Եթե ժողովուրդը որոշի հաշտվել ընտրությունների արդյունքների հետ, ապա իրենք դա կընդունեն։ Նրա կարծիքով՝ ժողովուրդը դեռ մտածում է անելիքների մասին, քանի որ որոշում կայացնելու համար ժամանակ է պետք։
«Այս ընտրություններում հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը։ Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- հայտարարեց նա։

