Կար նույնականացված անձ, փաստերը բավարար չէին. Նախարարը՝ աշակերտին թմրանյութով կոնֆետ տալու մասին
Անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարությունը որևէ հաղորդում չի ստացել` չնայած սոցցանցերում այդ թեմայի մասին առկա բազմաթիվ ահազանգերին ու գրառումներին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ օրեր առաջ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Նա նշել էր, որ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։
«Նմանատիպ իրավիճակ առաջին անգամ է։ Մենք հորդորել ենք այն անձանց, ովքեր մեկնաբանություններ կամ գրառումներ են կատարում, թե անչափահասների շրջանում թմրանյութեր են շրջանառվում` հանդես գալ հանցագործության մասին հաղորդումներով։ Ստացել ենք 0 հաղորդում»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` դեպքի վերաբերյալ տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիա էին գնացել ու ուսուցիչներ էլ են եղել նրանց հետ։ Նախարարը նշեց, որ ի սկզբանե որոշ վարկածներ են եղել, բայց դրանք հերքվել են, այժմ էլ իրավիճակի վերաբերյալ պետք է մի փոքր աշխատեն ու ավելի ինտենսիվ շարունակեն գործընթացը։
Սարգսյանը վստահեցրեց` ուշադրության կենտրոնում են պահում ամբողջ դասարանին և դպրոցին` նաև հասկանալու համար` արդյոք կա՞ն այլ անձինք, որոնք ներգրավված են այս թեմայում։ Իրավապահների մոտ այս պահին վերջնական նույնակայացված անձ չկա։
Հիշեցնենք, որ Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը, որը, ենթադրաբար, թմրանյութ էր ստացել քաղցրավենիքի միջոցով, արդեն լավ է և հիվանդանոցից դուրս է գրվել։ Դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը հայտնել էր, որ էքսկուրսիան եղել է մայիսի 29-ին, մասնակցել է 21 աշակերտ (5-8–րդ դասարանցիներ) և 7 ուսուցիչ։ Նրանք գնացել էին Կարին գյուղում APT բարեգործական ընկերության տնկարան։ Դպրոցի տնօրենը հայտնել էր նաև, որ ընկերությունը բոլոր երեխաներին էլ քաղցրավենիք հյուրասիրել է, ինչպես նաև լավաշ, պանիր և վարունգ։

