ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք. Գագիկ Ծառուկյան
Երբ այլևես որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության: Այս մասին գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լավ թիմով, ընտրողի դատին հանձնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ են աշխատել ամիսներ շարունակ։
Ընտրություններին մեր մասնակցության գլխավոր նպատակն էր՝ մեր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից, մեզ ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ Մենք ծրագրել էինք ունենալ քաղաքակիրթ, ընտրողի հանդեպ հարգանքով լի ընտրապայքար։
Ցավոք, քարոզարշավի ընդամենը 4-5-րդ օրերին արդեն պարզվեց, որ իշխանություններին քաղաքակիրթ պայքարը չէր հետաքրքրում։ Մեր դեմ սանձազերծվեց տգեղ, հակաիրավական և հակաբարոյական արշավ. քրեական հետապնդումների ենթարկվեցին մեր բազմաթիվ համակիրներ և ակտիվիստներ, եղան կալանավորումներ՝ հորինված մեղադրանքներով։ Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ։
Մենք որոշեցինք չտրվել սադրանքների և չմտնել այդ բառապաշարի, այդ տրամաբանության մեջ։ Ինչպես ես, այնպես էլ մեր թիմի ակտիվ անդամները երբևէ չիջեցրինք քաղաքակիրթ բանավեճի նշաձողը, մնացինք քաղաքական պայքարի շրջանակներում։
Բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից, բացարձակ անհավասարության պայմաններում անցկացված քարոզարշավից հետո, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընտրողի վրա ահռելի ճնշումներով անցկացված ընտրությունների պայմաններում նույնիսկ, մեր քաղաքական ուժը չկոտրվեց, հավաքեց բավարար ձայներ՝ խորհրդարան մտնելու համար։ Սկզբում մեր ձայները տեխնիկապես իջեցվեցին, և մենք սկսեցինք քվեների վերահաշվարկ, որը մեզ թույլ տվեց վերականգնել պակասող ձայները։
Երբ այլևես որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։
Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ,
Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։
Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ Ես ձեր Ծառուկյանն եմ»,- նշել է նա։

