Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի է
Ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է նոր հարվածների մասին տեղեկությունները․ «Ուժգին հարվածներ կհասցնենք նրանց թիրախներին, որպեսզի բարելավենք մեր գործունեության միջավայրը և թուլացնենք այն կարողությունները, որոնք Իրանը փորձում է ունենալ», – ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նոր հարվածների վերաբերյալ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել․ «ԱՄՆ զորքերը Վաշինգտոնի ժամանակով 17:15-ին սկսել են ինքնապաշտպանական լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող մի շարք թիրախների՝ հետևելով գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին», – փոխանցել են Կենտրոնական հրամանատարությունից՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվում է «Իրանի անհիմն և շարունակական ագրեսիային» ի պատասխան։
Իրանական պետական IRNA լրատվականը հաղորդել է, որ Բանդար Աբբասի օդանավակայանի և ավիաբազայի մերձակայքում պայթյուններ են որոտացել։
Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան ուժերը հարվածել են նաև նավահանգստային Սիրիկ քաղաքին, որտեղ ռազմածովային բազա է տեղակայված։
Որոշ տեղական լրատվամիջոցների պնդմամբ՝ իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել , սակայն Վաշինգտոնից հերքել են այս պնդումները։
AFP-ն, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հայտնել է, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան բազաներին։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին, այդ թվում՝ նավթատարերի և այլ կոմերցիոն նավերի համար։ Թեհրանից զգուշացրել են՝ կթիրախավորեն նեղուցով անցնել փորձող նավերին։ Ըստ Վաշինգտոնի, սակայն, Հորմուզը անցանելի է մնում։
Մինչ այդ, նախորդ գիշեր ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածներից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Իրանը շատ է ձգձգել խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և հիմա վճարում է դրա գինը։
Թեհրանն, իր հերթին, զգուշացրել է, որ իր ուժերը պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության, իսկ հետագա էսկալացիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը։

