Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Ֆիլիպիններում հունիսի 8-ի առավոտյան տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, ավելի քան 20 000 մարդ տեղահանվել է։ Գրեթե 500 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ հունիսի 9-ին փրկարարները ստուգել են ավերված շենքերը՝ համոզվելու, որ փլատակներում մարդիկ չեն մնացել։ Չնայած պաշտոնապես չորս մարդ է անհետ կորած, սակայն Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը նշել է, որ մի քանի փլուզված և ծանր վնասված շենքեր պետք է մանրակրկիտ ստուգվեն՝ հնարավոր փրկվածների կամ զոհերի գտնելու համար։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո կղզու ափին։ Շատերը հեռացել են տներից ցունամիի վտանգի պատճառով։ Ֆիլիպինների ափերին ցունամիի ալիքների բարձրությունը հասել է 1,4 մետրի։ Ափամերձ գյուղերից մեկում վեց տնակ է վնասվել։
Ավելի ցածր ալիքներ են գրանցվել Ինդոնեզիայում, Պալաուում, ինչպես նաև Ճապոնիայի հարավում։

