Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է երկրի հարավ-արևելքում ահաբեկչական խմբի ոչնչացման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և «Ղուդս» ստորաբաժանումը հայտարարել են ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, որը, նրանց տվյալներով, ծրագրում էր ներթափանցել Իրանի տարածքի խորքը, հայտնում է Mehr-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Սարավան քաղաքում։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ խումբը բացահայտվել է մինչև գործողության մեկնարկը, ինչից հետո բախում է սկսվել, որի ընթացքում սպանվել են չորս ենթադրյալ զինյալներ։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական անվտանգության ուժերի մեկ զինծառայող զոհվել է փոխհրաձգության ընթացքում։ Նաև հաղորդվում է, որ խումբը ծրագրում էր առաջ շարժվել դեպի երկրի կենտրոնական նահանգներ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ զինյալներից առգրավվել են զենք, զինամթերք և սարքավորումներ, այդ թվում՝ Starlink արբանյակային կապի տերմինալներ, որոնք, իրանական կողմի պնդմամբ, արտադրվել են ԱՄՆ-ում և Իսրայելում։
Առանձին ընդգծվում է, որ հետաքննության նյութերը և հետագա օպերատիվ միջոցառումները միտված են խմբի հնարավոր հանցակիցներին բացահայտելուն և ձերբակալելուն։

