Փաշինյանը վախկոտ մարդ է. ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ. ես անհիմն նստել եմ, հիմա ինքն է շատ երկար նստելու. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 7/3 ընտրատեղամասում։
Լրագրողներին նա ասաց, որ քվեարկել է հանուն Հայաստանի՝ ազգային, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:
«Ռադիկալ փոփոխություններ լինելու են»,-շեշտեց նա:
Դիտարկմանը՝ անցած անգամ գնացիք խորհրդարան և բնականոն աշխատեցիք, մինչդեռ մարդիկ այլ քայլեր էին սպասում, այս անգամ կա՞ հետընտրական պլան Բ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակին հասնելու համար, բայց եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, չենք նահանջել: Եվ կարծում եմ, որ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, հենց մենք էինք, ամենից ռադիկալը»:
Երկրորդ նախագահի խոսքով, պետք է կանգնեցնել կորուստների, սկզբունքներից նահանջի և իննիշխանության կորուստի այս շարանը:
«Երկրում պետք են լուրջ փոփոխություններ»,-ընդգծեց Քոչարյանը:
Ռուս լրագրողի հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, Հայաստանը կարո՞ղ է դառնալ Ուկրաինայի ռազմական դաշնակիցը, հաշվի առնելով Զելենսկի-Փաշինյան հարաբերությունները, Երկրորդ նախագահը նկատեց. «Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի ռազմական դաշնակիցը, իսկ Զելենսկին և Փաշինյանը, իրապես, շատ նման են իրար՝ իրենց ավանտյուրիզմով, սեփական երկրի շահերի նկատմամբ անամոթ վերաբերմունքով:
Լրագրողները Ռոբերտ Քոչարյանին հիշեցրեցին նաև իրենց դաշինքի հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի պնդումները՝ կապված ընտրակաշառք տալու հետ:
«Ծանոթ չեմ այդ նյութերին: Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրն ինչ-որ ձայնագրություններ էին տարածվում, տպավորություն է, թե այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե հաշտ եք այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որն այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա, ու բոլորն էլ ընդդիմադիր՝ այսքան քրեական գործեր, տնային կալանքներ լինեն»,-նշեց նա՝ հավելելով, որ ուզում են վախ սերմանել, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ վախկոտ մարդ է:
«Իսկ վախկոտ մարդն իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա, և մտածում է, որ այդ վախի մթնոլորտը տարածելով, կստանան իրենց համար ցանկալի արդյունք: Չի ստացվելու»,-ընդգծեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործին, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից շատ է խոսում հետևյալ պատճառով.
«Իրեն թվում է, որ Մարտի 1-ով ինքը սրբագրում է իր բերած 5.000 զոհերը և հսկայական կորուստները: Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը: Ինչ վերաբերում է նստել-չնստելուն, ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ, և հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակն է օրինական ձևով շատ երկար նստելու»:
Մանրամասները՝ տեսանյութում

