Le Monde-ն անդրադարձել է Թուրքիայի դերի բարձրացմանն Աֆրիկայում
Ֆրանսիական «Le Monde» օրաթերթում հոդված է հրապարակվել Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ զարգացող հարաբերությունների մասին։ Մասնավորապես անդրադարձել է Թուրքիա-Մալի հարաբերություններին ու նշել է, որ Անկարան դառնում է ազդեցիկ և ռազմավարական գործընկեր Արևմտյան Աֆրիկայի երկրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Մալին ունի անվտանգության խնդիրներ ու վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է համագործակցությունը Թուրքիայի հետ։ Անկարան դարձել է անփոխարինելի գործընկեր հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում։
Վերջին տարիներին երկու երկրների միջև կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր, որոնք վերաբերում են զրահատեխնիկային, էլեկտրոնային և հսկողության համակարգերին, ականազերծման սարքավորումներին և զինվորական անձնակազմի վերապատրաստմանը։
Նաև ընդգծվել է, որ Թուրքիան Մալիին տրամադրում է անօդաչու թռչող սարքեր, ռազմական սարքեր ու իրագործում ուսումնական ծրագրեր։ Պարբերականը գրում է. «Ռուսաստանի ազդեցության թուլացման ու ռուսների նկատմամբ քննադատությունների հետևանքով էականորեն ամրապնդվել են Թուրքիայի դիրքերը։ Ֆրանսիայի և այլ արևմտյան երկրների ազդեցության անկմանը զուգահեռ Թուրքիան դարձել է Ռուսաստանի և Չինաստանի այլընտրանքային գործընկերը»։

