Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածությունը մեղմելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների վերջին զարգացումների, ինչպես նաև Լիբանանում ստեղծված իրավիճակի շուրջ՝ երկրի հարավային շրջանների վրա Իսրայելի հարձակումների ակտիվացման ֆոնին։
Զրույցները տեղի են ունեցել Իրանի կողմից Քուվեյթի և Բահրեյնի դեմ ուղղված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մի շարք հարվածներից հետո։
Թեհրանը հայտարարել է, որ այդ հարձակումներն «ԱՄՆ ագրեսիայի» պատասխանն էին։
Ավելի վաղ Արաղչին իր Telegram ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի, Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի և Բելգիայի իր գործընկերների հետ։
Պակիստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցին մասնակցել է նաև երկրի զինված ուժերի ղեկավար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։
Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև լարվածության սրումը կանխելուն և Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի դադարեցմանն ուղղված ներկայիս դիվանագիտական գործընթացները։



