Բաժիններ՝

Կգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ․ Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը: Երկուշաբթի օրը նա Տոլեդոյում հանդիպել է Կաստիլիա-Լա Մանչայի շրջանի երկրպագուների և ակումբի անդամների հետ՝ ներկայացնելով իր ծրագրերն ու կոշտ քննադատության ենթարկելով նախագահի մյուս թեկնածու Էնրիկե Ռիկելմեին: Այս մասին հայտնում է իսպանական AS-ը:

Երկրպագուների բուռն ծափահարությունների ներքո Պերեսն անդրադարձել է շրջանառվող լուրերին՝ վստահեցնելով, որ ակումբի կառավարման մոդելը փոփոխության չի ենթարկվի.

««Ռեալը» միշտ պատկանել և պատկանելու է իր սոսիոներին։ Թող չստեն և շինծու լուրեր չտարածեն: Ռամոն Կալդերոնի ժամանակաշրջանի նախկին ղեկավարները պետք է դադարեն անամոթաբար ստել: Քանի դեռ ես նախագահ եմ, այս ակումբը պատկանելու է իր անդամներին»,- ընդգծել է Պերեսը։

Ավելի քան 400 երկրպագուների ներկայությամբ «արքայական ակումբի» ղեկավարը քննադատել է Վալդեբեբասում «Սոսիոների քաղաք» կառուցելու Ռիկելմեի առաջարկը։ Նրա խոսքով՝ լողավազաններով և պադելի կորտերով հնամաշ նախագծի փոխարեն, իրենք առաջարկում են ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ տարածքում ստեղծել Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական պարկը։

Պերեսը չի շրջանցել նաև նորացված «Սանտյագո Բեռնաբեուի» շուրջ ստեղծված իրավիճակը.

«Մինչ մեր սիրելի մարզադաշտը գովեստի խոսքեր է ստանում բոլորի կողմից, թեկնածուի կողմից այն արժանանում է միայն արհամարհանքի: Անթույլատրելի է, որ աշխարհի կարևորագույն ակումբը նախագահել ցանկացող անձը հրապարակայնորեն հարվածի մեր մարզադաշտի հեղինակությանը։ Կարծես թե նա ավելի շատ մտահոգված է իր սեփական ապրանքանիշը գրանցելով և հայտնի դառնալով, քան «Ռեալի» համար լուրջ նախագիծ առաջարկելով»։

Խոսելով սպասվող տրանսֆերների մասին՝ Պերեսը երկրպագուներին խոստացել է նոր աղմկահարույց տեղափոխություններ.

«Կգան նոր աստղեր, կլինեն նոր համալրումներ։ Մենք հստակ գիտենք, թե ինչ ուժեղացումներ են մեզ պետք, և հաջորդ մրցաշրջանում նրանք այստեղ կլինեն՝ կրելով «Ռեալի» մարզաշապիկը»։

Անդրադառնալով իսպանական ֆուտբոլը ցնցած Նեգրեյրայի գործին՝ Պերեսը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ.

«Որպես նախագահ՝ իմ առաջին քայլը կլինի այն, որ ես անձամբ ՈւԵՖԱ կներկայացնեմ մեր կազմած զեկույցը։ Նրանք պետք է տեսնեն, թե ուր են հասնում ենթադրյալ կոռուպցիայի այս գործի արմատները, որը, որքանով մենք գիտենք, տևել է երեք տասնամյակ։ Այս մասին ես արդեն զգուշացրել եմ ՈւԵՖԱ-ի նախագահին։

Ինձ հետ լավագույն ֆուտբոլիստները միշտ կխաղան «Ռեալում», և այս տարին բացառություն չի լինի։ «Ռեալը» պատահականությունների չի վստահում. կիրակի օրը եկեք քվեարկենք ակումբի ներկայի և ապագայի համար։ Մենք դեռ շատ պատմություն ունենք կերտելու»,- իր ելույթը եզրափակել է Ֆլորենտինո Պերեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930