Նիկոլը սպառեց իր բոլոր փամփուշտները… միացյալ ընդդիմությունը հաղթում է. Սամվել Նիկոյան
Այս կիրակի՝ հունիսի 7-ին, կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի լինելու և չլինելու մասին են, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով ընտրությունների կարևորության մասին։
Սամվել Նիկոյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզարշավի յուրաքանչյուր օր նորանոր հաջողություններ են գրանցում, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր պարտվում է։ Ազգային ժողովի նախկին նախագահն այսպես է գնահատում ներկա իրավիճակը, որ հանրային տրամադրություններում անշրջելի փոփոխություններ են եղել, և միացյալ ընդդիմությունը հաղթում է այս ընտրություններում։

«Ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի յուրաքանչյուր օր հաջողություններ է գրանցում։ Ընդդիմությունը հանրության համար այլևս ընկալելի է և ամենակարևորը՝ ընդդիմությունն այլևս օրակարգ թելադրող է։ Սա շատ կարևոր է։ Ընդդիմությունն այլևս օրակարգ է թելադրում, որովհետև Նիկոլ Փաշինյանը սպառեց իր նախընտրական բոլոր «փամփուշտները»՝ եվրոպացիներին բերեց, Զելենսկուն բերեց, Ռուսաստանին թշնամացրեց, զորահանդես կազմակերպեց՝ այն օգտագործելով նախընտրական քարոզչության մեջ, սակայն Նիկոլը մի բան չի հասկանում, որ Հայաստանի ժողովուրդն է իրադրության տերն ու որոշողը։ Նիկոլը խաբել է հայ ժողովրդին։
Այսօր մեծամասնությունը եկել է այդ եզրակացությանը, որ իրենք վստահել են Նիկոլին ու չարաչար սխալվել են և իրենք իրենց ձեռքով կպատժեն Նիկոլին, որովհետև Նիկոլը քանդել է հայ ժողովրդի տունը, քանդել է բոլորիս տունը, մեր Հայրենիքն է տվել թշնամուն, մեր բանակն է ոչնչացրել և դրա համար պետք է կրի օրենքով պատասխանատվություն։ Հասարակական գիտակցության մեջ արդեն անշրջելի փոփոխություններ են եղել, և Թրամփի, Եվրամիության ղեկավարների և այլոց հայտարարություններն այլևս որևէ ազդեցություն չունեն հանրային կարծիքի վրա»,- կարծում է Սամվել Նիկոյանը։
Այս համատեքստում նա անդրադարձավ երեկ՝ մայիսի 31-ին, «Եվրոնյուզ»-ի հրապարակած այն տեղեկությանը, թե ըստ հետազոտական կենտրոններից մեկի սոցիոլոգիական հարցման՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մոտ 65 տոկոսով հաղթելու է այս ընտրություններում։
Սամվել Նիկոյանը շեշտում է, որ նմանատիպ՝ ակնհայտորեն քաղաքականացված սոցհարցումները ոչ թե հասարակական տրամադրություններն են արտահայտում, այլ հրապարակվում են հասարակական տրամադրությունների վրա ազդելու նպատակով։
««Եվրոնյուզ»-երին և Արևմուտքին մի բան եմ կոչ անում՝ փորձեք Ձեր խաթարված հեղինակությունը հայ ժողովրդի մոտ մի քիչ պահել, փորձեք գոնե մի քիչ հավատարիմ մնալ Ձեր արժեհամակարգին։ Դուք ասում եք՝ 65 տոկոս։ Հասկանո՞ւմ եք, որ հայ մարդը, որ դա լսում է, գիտի՝ իր հարևանները ոնց են մտածում։ Նա տեսնում է, որ 10 մարդուց 6-7-ը Նիկոլի՞ն է ընտրում։ Նա գիտի, չէ՞, որ դա սուտ է։ «Եվրոնյուզ», դա ասելով, մտածում ես՝ օգուտ ես տալի՞ս որևիցե մեկին։ Ակնհայտ է, որ միացյալ ընդդիմությունն ունի ավելի շատ ձայներ և միանշանակորեն հաղթում է»,- նշեց Նիկոյանը։
Սակայն Սամվել Նիկոյանը լուրջ մտավախություններ ունի այն զարգացումների առնչությամբ, որ նախընտրական մրցավազքի ֆոնին Հայաստանն ակնհայտորեն դառնում է աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների պայքարի թատերաբեմ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ռուսաստանի միջև։
ԱԺ նախկին նախագահի համոզմամբ՝ դա կանխելու առաջին նախապայմանը «նիկոլիզմն» արմատախիլ անելն է.
«Նիկոլը փոքրիկ Հայաստանը դարձրել է այդ գերհզոր ուժերի մրցակցության թատերաբեմ։ Այդ պայքարը քաղաքական է, այժմ արդեն անցնում է տնտեսական ոլորտ, և Աստված ոչ անի, որ դա անցնի ավելի թեժ՝ ռազմական ոլորտ։ Իսկ դա հնարավո՞ր է՝ այո։ Մենք մտահոգություններ պե՞տք է ունենանք, պե՞տք է քայլեր անենք, որ դրա դեմն առնենք։ Իհարկե, մենք պարտավոր ենք, և առաջին պայմանն այն է, որ նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի մեր երկրից, մեր երկիրը պետք է ղեկավարեն ազգային, պետական մարդիկ, ոչ թե դատարկախոսներն ու շատախոսները, որոնք Եվրոպայում մի բան են ասում, Ամերիկայում մի բան են ասում, Ռուսաստանում մի բան են ասում, Իրանում՝ մեկ այլ բան։
Իրենց թվում է՝ իրենց գեղցի «շուստրիությամբ» կարող են խաբել բոլոր կենտրոններին։ Նրանք դա տեսնում են, դա հասկանում են, պարզապես յուրաքանչյուրն ուզում է իր շահերի համար օգտագործել պարտված, թուլացած Հայաստանին։ Այդ առումով մինչև հիմա բոլորը հանդուրժել են Նիկոլին, բայց կարծես թե այլևս հանդուրժելու տեղ չկա նաև դրսի ուժերի կողմից։ Նիկոլը զզվացրել է բոլորին, ամենաշատը՝ ժողովրդի ազգային մասին։ Ժողովրդի ազգային մասն արդեն ատում է Նիկոլին»։

Սամվել Նիկոյանի կանխատեսմամբ՝ Հայաստանին մղձավանջային օրեր են սպասվում, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել երկիրը.
«Նիկոլն իր խնդիրները լուծում է արտաքին ուժերին Հայաստան բերելու և փոքր Հայաստանում աշխարհաքաղաքական բախում կազմակերպելու միջոցով՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան և Չինաստան։ Նա Հայաստանը դարձրել է բախման կենտրոն, և ժողովուրդը բնազդով, մի մասն էլ՝ արյան կանչով գիտակցում է, որ մեզ ավելի վատ օրեր են սպասվում, շատ ավելի վատ, մղձավանջային օրեր են սպասվում, եթե Նիկոլը շարունակի կառավարել և ղեկավարել, և ժողովրդի այդ նախընտրական տրամադրությունների փոփոխության հիմքը, կարծում եմ, հենց դա է. ժողովուրդն արյան կանչով դա զգում է»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



