«Շիվար ենք. ապրանքը որ չի ծախվում, ի՞նչ են անում. թափում են. Առուծախ անողը շահում է, գյուղացին՝ տուժում». ՌԴ որոշումը ջերմոցատերերին կանգնեցրել է խնդրի առաջ

Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ սահմանափակվելու է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Վարունգ, լոլիկ, ելակ, կանաչ պղպեղ և այլ պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի այնքան ժամանակ, մինչև ըստ  «Ռոսսելխոզնազորի»՝ չկարգավորվի այդ ապրանքատեսակների անվտանգությունն ապահովելու հարցը։

Մայիսի 22-ից էլ սահմանափակվել էր նաևՀայաստանից ծաղիկների ներմուծումը ռուսական շուկա։

168.am-ը երեկ երեկոյան այցելել էր Հովտաշատգյուղի, կամ, ինչպես ժողովրդի մեջ հայտնի է, «Մեյմանդարի» և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի հարևանությամբ գործող շուկաներ, զրուցել ջերմոցատերերի հետ՝ պարզելու համար, թե այս սահմանափակումներն ի՞նչ խնդիրներ են առաջացնելու իրենց համար, ինչպե՞ս են պատկերացնում հարցի լուծումը։

Շատերը խուսափեցին տեսախցիկի առաջ ներկայացնել խնդիրները, տեսախցիկից դուրս ասացին՝ գյուղացին մնացել է միայնակ իր խնդիրների հետ, պատկան մարմիններն իրենց չենառաջարկում, թե  մշակած ապրանքը որտեղ իրացնեն, քանի որ, եթե մեծ քանակությամբ վարունգ, լոլիկ կամ այլ բանջարեղեն են մշակում, ամբողջությամբ չեն կարողանում իրացնել ներքին շուկայում։ Արտահանման սահմանափակումների պատճառով ապրանքի գինը նվազում է, որի արդյունքում էլ ջերմոցատերերը չեն կարողանում վճարել գազի, էլեկտրաէներգիայի արժեքը։

Կարդացեք նաև

«Ես այս ամենին շատ վատ եմ վերաբերվում՝ճանապարհը փակվելու է, բազարը լիքը ապրանքով է լցվելու, ապրանքը չի ծախվելու, ժողովուրդն էդ ապրանքն ի՞նչ պետք է անի։ Ապրանքը որ չի ծախվում, ի՞նչ են անելու, թափում ենք, եթե դուրս չգնաց, չի վաճառվելու, մնալու է տեղում։ Գայիք,առավոտյան տեսնեիք, թե ինչ էր կատարվում, սաղ բազարում կլուբնիկ էր լցրած։ Գյուղացին մշակում է, բայց եթե ապրանքը չսպառվեց, գյուղացին ի՞նչ պետք է անի։ Ապրանքի չարտահանման դեպքում ապրանքը շատ է էժանանալու։

Կանաչին այս պահին էժան չէ, էժան են այն ապրանքները, որոնք արտահանվում են ՌԴ։ Հարցի լուծումն այն կլինի, որ ՌԴ-ի հետ ճանապարհը չփակվի, ընտրություններից հետո այս հարցի պատասխանը պարզ կլինի»,- նշեց ջերմոցատերերից մեկը։

Մեր զրուցակից կանանցից մեկն էլ ասաց, թե Ռուսաստանն իր աչքի լույսը չէ, բայց իրենք դրանով են ապրում։

«Ռուսական շուկայի հետ մեծ կապեր ունենք՝ և՛տալիս ենք, և՛ ստանում, աչքիս լույսը չէ, բայց քո ընտանիքի, պետության համար ստիպված… Ահա, բա սա ի՞նչ է մեր վիճակը, բա որ թուրքեր հետ սահմանն են բացում, ի՞նչ ենք կորցրել Թուրքիայում, որ բացում են, հայ կա՞ այնտեղ։ Իսկ որ դուշման են, թուրք են, սա ո՞նց կբացատրեք, 2-3 անգամ Եղեռն արեցին։

Այս ամենը մեզ վրա շատ է ազդում, մտածում ենք՝գազի տակից ո՞նց դուրս գանք, մի 5 միլիոնի գազ ենք վառել, մտածում ենք՝ դա տանք, բա երեխու գոյությունը ո՞նց պահենք։

Եթե ապրանքն արտահանում ենք, շուկայում վաճառում ենք այնպես, որ կարողանանք երեխեքին էլ պահենք, ծախսն էլ հանենք, իսկ հիմա մտածում ենք՝ ո՞նց անենք, որ տանենք գազի գինը վճարենք՝ 3 ամիս գազ ենք վառել։ Եթե ապրանքը դուրս չի գնում, առևտրից գոհ չենք։ Մենք անտեր ենք մնացել, պարսիկը բերում, ապրանքը լցնում է, ռուսը ճանապարհն է փակում՝ շիվար ենք մնացել։ Հայը կգնա պարսկական ապրանքը կառնի, չի էլ իմանա՝ինչ կերավ, բայց տեղականը չեն առնում»,- նշեց կինը։

Ծիածան գյուղի հարակից հատվածում գործող շուկայում էլ ջերմոցատերերը կրկին ապրանքների էժան գներից էին բողոքում, ասելով, որ կարտոֆիլի սերմն ավելի թանկ են գնում, քան կարտոֆիլը վաճառում են։

«200 դրամով եմ կարտոֆիլը վաճառում, եթե ճանապարհը փակում են, նշանակում է՝ մեր եղածը պետք է ջուրը գցենք, առևտրից գոհ չենք։ Հիմա ինչքանո՞վ վաճառենք ապրանքը, որ ծախս հանեմ ու ընտանիք պահեմ, եթե ապրանքը գնալով էժանանում է, ուրեմն՝ վնասով ենք աշխատում։ Այս հարցի լուծումը պետք է որոշի Կառավարությունը, որ գյուղացին այդքան չարչարվում է, բայց ապրանքը գին չունի»,- ասաց ջերմոցատերը։

Ջերմոցատերերից մեկն էլ ասաց, թե իր վրա առհասարակ այդ սահմանափակումները չեն ազդում։

«Մեր հայերը կառնեն, թող առնեն ուտեն՝ կշտանան»,- նշեց նա։

Ջերմոցատերերից մեկն էլ, ով նաև ուներ ծիրանի այգիներ, իր մտահոգությունը հայտնեց, որ եթե այսպես շարունակվի, ծիրան էլ չեն կարողանալու արտահանեն, ավելին՝ հույս չունի էլ, որ այս տարի ծախսերը կհանի, քանի որ ծախսը շատ է արել, բայց ծիրանի բերքը քիչ է։

Երիտասարդ ջերմոցատերերից մեկն էլ, ով չցանկացավ զրուցել տեսախցիկի առջև, կադրից դուրս ասաց՝ այս որոշումը դրական է ազդելու միայն առուծախ անողների վրա, սովորական գյուղացին միայն տուժելու է։

«Ամենաշատն այսօր մթերվում է գիլասը, խաղողը, ծիրանը, եթե արտահանում չեղավ, ի՞նչ պետք է անի մարդը։ Եթե ծիրանը չարտահանվի ՌԴ, շատ վատ է լինելու, ծիրանն այս տարի քիչ է, բայց մեկ է՝ այստեղ այդքանը չի վաճառվի, եթե վաճառվի էլ՝ շատ էժան ու ծախսը չի հանելու։ Այսօր ջրից սկսած՝ ամեն ինչ թանկացել է։

Այսպես շարունակվի՝ գյուղացու վիճակը շատ վատ է լինելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031