«Նիկոլին էլ ասել եմ՝ երեխուս բերեք. պարապած կապիկների նման մեզ խաբում՝ ուղարկում են. ծայրահեղ քայլի կդիմեմ». Անհետ կորած զինծառայողի հայր
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, մայիսի 11-ից սկսած՝ մի քանի օր շարունակ նստացույց էր իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իր որդուն։
Նա այս քայլին ստիպված էր գնացել, քանի որ պատկան մարմիններից, այդ թվում՝ Կառավարությունից, իր որդու և առհասարակ անհետ կորած համարվող տղաների վերաբերյալ տեղեկատվություն իրենց չեն փոխանցում, նույնիսկ չեն ասում, թե ինչ աշխատանքներ են իրականացնում՝ նրանց մոտավոր գտնվելու վայրը ճշտելու վերաբերյալ։
Այսօր Ազատ Գևորգյանը 168.am-ին փոխանցեց, որ պատկան մարմինները կրկին անգործության են մատնված, նույնիսկ Քննչական է գնացել, բայց իրեն հստակ որևէ բան չեն ասել։
«Այս պահին նստացույցս դադարեցրել եմ, հիմա մտածում եմ՝ հետագա ինչ քայլեր պետք է իրականացնեմ։
Մի քանի օր առաջ Կառավարության շենքի մոտից ուղիղ գնացի Քննչական, որևէ կարևոր բան այնտեղ ինձ չասացին՝ կրկին նույն հեքիաթները պատմեցին։ Բայց քննչականում էլ, Նիկոլին էլ ասել եմ՝ արեք ամեն ինչ, երեխուս բերեք, պատասխանատուները դուք եք։
Քննչականում ինձ ասում են, թե՝ բա այդ տեսանյութերը նորից փորձաքննություն կանենք, ասացի՝ ինչ ուզում եք՝ արեք, ինձ իմ երեխեն է պետք։ Իրենց գործն էր, որ այս ընթացքում մեր երեխաների գտնվելու վայրը ճշտեին։ Քննչականում ես հանդիպել եմ Երևան քաղաքի քննչական վաչության պետ Ռաֆայել Վարդանյանի հետ»,- նշեց Ազատ Գևորգյանը։
Մեր զրուցակիցը խոստովանեց՝ արդեն 6-րդ տարին է՝ անհետ համարվող տղաների ծնողներին իշխանությունը նույն բանն է ասում, թե «զբաղվում են»։
«Իմ նյարդերն այլևս այս կառույցների հետ չի բավարարում։ Ախր ես իրենցից ի՞նչ պահանջեմ, այս ամենի գլխավոր դերերում իրենք են։ Ծնողներին ամեն անգամ խաբում, ուղարկում են տուն, 6 տարի է՝ նույն հեքիաթներն են մեզ պատմում։ Քննչականից հետո երեկոյան վերադարձա տուն, նստացույցս չեմ շարունակել, բայց ես մտածում եմ, որ հաջորդիվ ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ, այսպես չեմ թողնելու։
Հիմա, օրինակ, եթե ես այսօր գայի Հանրապետության հրապարակ, այս տոն օրն ինձ ո՞վ էր լսելու, հաշվի առնելու»,- հավելեց Ազատ Գևորգյանը։
Նա ասում է՝ եթե այլ ծնողներն իրեն միանան, ապա լավ կլինի, եթե չմիանան՝ միայնակ է պայքարելու իր որդու և մյուս տղաների համար, շատ հնարավոր է՝ հացադուլ իրականացնի Կառավարության շենքի մոտ։
«Պարապած կապիկների նման մեզ բոլորը խաբում են, ասել եմ՝ ասեք՝ իմ երեխան զոհված է, փաստեր բերեք, տեսնեմ, թողնեմ գնամ, վեր ընկնեմ իմ տանը, բայց ինձ որևէ պատասխան չեն տալիս։ Բարկությունից տեղս չեմ գտնում, չգիտեմ՝ ինչ անեմ, ես սպասում եմ մինչև հունիսի 2-ը, հետո արդեն կհասկանամ»,- ընդգծեց Ազատ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ նստացույցի ընթացքում Կառավարությունից որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, Ազատ Գևորգյանին չի ընդունել, մինչդեռ նրա հետ հանդիպել էր ապրիլի 27-ին, ներկայացրել իր պահանջները, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ գրավոր կպատասխանի, սակայն մինչև այս պահը որևէ պատասխան չի տվել։
Կարեն Գևորգյանը ծառայել է Հադրութում, 1,7 ամսվա ծառայող էր, մի քանի ամիս անց զորացրվելու էր։



