Հայաստանը աստիճանաբար թմրանյութապատվում է. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հայաստանը աստիճանաբար թմրանյութապատվում է: Գրեթե ամեն օր քայլելիս պատահում ես խմբերի՝ տարբեր տարիքի, այդ թվում անչափահասների, որոնք այս ու այն թփի, քարի տակ, այս ու այն «լքված» շինության մեջ ինչ որ բան են փնտրում: Կարծում եմ ավելորդ է ասել, թե ինչ:

Այլևս ավելորդ է, որովհետև այդ երևույթը արդեն ունի այնպիսի տարածում, որ առնվազն այդ տեսքով հայտնի է գրեթե բոլորին: Ինչու՞ է թմրանյութապատվում: Որովհետև երևույթի դեմ չկա համակարգային պայքար: Որովհետև պայքարի կոչված կառույցները ներկայումս իրենց հիմնական գործը համարում են արտաքին զանազան դոնորների հետ հարաբերությունների ինֆորմացիոն մատուցումը, որպեսզի օրինակ հայտարարեն, թե Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմը որակապես կփոխի հայաստանցիների կենսակերպը:

Իսկ այդ ընթացքում, հայաստանցիների կենսակերպը մեղմ ասած անորակաբար և անառակաբար փոխում է թմրանյութապատումը, քայքայելով արդեն անչափահասների «կենսակերպը»: Որովհետև, եթե նրանք ներգրավվում են նույնիսկ ոչ թե օգտագործման, այլ տարածման պրոցես, դա արդեն իսկ կենսակերպի քայքայման մեկնարկն է:

Իսկ դոնորներին բնականաբար բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի թմրանյութապատումը, որովհետև նրանց առանցքային ու թերևս իակ հոգսը իիրենց աշխարհաքաղաքական շահերի ծիրում գործող իշխանություն տեսնելն է: Ավելին, չեմ ուզում իհարկե թվա կոնսպիրոլոգիա, բայց նույնիսկ խիստ կասկածում եմ, թե նույն դոնորներից շատերի շահերի ծիրում չէ նաև Հայաստանի այս թմրանյութապատումը:

Այս խնդիրը պետք է դառնա համահասարակական, համերկրային:Սրա դեմ պետք է մղվի թե ինստւտուցիոնալ-գերատեսչական համակարգային պայքար՝ քաղաքական հստակ որոշումով, թե հասարակական պայքար, հնարավոր բոլոր երանգներով: Որովհետև սա լոկ ինքնին խնդիր չէ, այլ նաև բազմաթիվ այլ սոցիալհոգեբանական խնդիրների տեսքով ահռելի մետաստազներով հղի հանրային ու պետական քաղցկեղ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031