ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. Ռուբիո
ԱՄՆ-ն և Իրանը որոշակի առաջընթացի են հասել բանակցություններում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Շարունակվող քննարկումներում փոքր-ինչ առաջընթաց է գրանցվել։ Ես չեմ ուզում չափազանցնել, բայց դեպի առաջ որոշակի շարժ կա, և դա լավ է։ Հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», – նրա ելույթի տեսանյութն է տարածել The Guardian պարբերականը։
Ռուբիոյի խոսքով՝ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել ուրանի հարստացման, ինչպես նաև բարձր հարստացված ուրանի հարցը։ Նա նշել է, որ հարցերից մեկն էլ Հորմուզի նեղուցի հարցն է։
«Իրանը փորձում է տուրքերի գանձման համակարգ ներդնել։ Նրանք փորձում են Օմանին համոզել միանալ իրենց միջազգային ջրային ուղում տուրքերի գանձման գործում», – ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ ոչ մի երկիր չպետք է դա ընդունի։



